Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ապրիլի ութի երեկոյան հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մինչև ապրիլի 15-ը հայտարարված կարանտինային ռեժիմը կերկարաձգվի, գրում է rfi.fr կայքը։

Նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի ժողովրդին ուղղվելիք հեռուստաուղերձում կհայտնի կարանտինային ռեժիմի երկարաձգման ժամկետները, ինչպես նաև կպատմի կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ գործարկվելիք այլ միջոցառումների մասին։

Մակրոնը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամից հետո երեք անգամ է ուղերձ հղել ժողովրդին՝ մարտի 12-ին և 16-ին՝ Ելիսեյան պալատում իր գրասենյակից և մարտի 25-ին՝ Ֆրանսիայի արևելքում գտնվող Մյուլուզ քաղաքի հիվանդանոցներից մեկից։

Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 950 դեպք, որից 10 869-ը՝ մահվան ելքով։ Տեղեկությունների համաձայն՝ վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներում նկատվել է մահվան դեպքերի նվազում․ գրանցվել է  մահացության 541 դեպք։  Հիվանդությունից երկրում ապաքինվել է 21 254 մարդ։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 521 116մարդ, որից 88 565-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 331 355 մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել