Ոմանց կողմից մտքի տիտան ընկալվող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում իր բոլոր քաղաքական հաշվարկներում տապալվել է, իսկ միտումնավոր, թե ոչ՝ այլ հարց է։ Թվեմ իմ կարծիքով կարևորագույնները.

1. Սխալվել է Արցախը անկախության ճանապարհով տանելու հարցում․ 31 տարի է արդեն, որ դոփում ենք նույն տեղում (ռուսները հիմար չէին, որ Ղրիմը շատ արագ միացրին Ռուսաստանին),
2. 1995թ․ Ազգային ժողովի ընտրություններով հիմք է դրել ընտրակեղծիքներին՝ նպատակ ունենալով խորհրդարանում, այսօրվա լեզվով ասած, ստանալ կայուն մեծամասնություն, ինչն էլ մինչ օրս պրակտիկավորվում է՝ ըստ էության, ոչնչացնելով կուսակցաշինությունը, բնականաբար, նաև ժողովրդավարության կայացումը,
3. 1995թ․ կեղծելով ընտրությունները՝ հաստատում է ՀՀ Սահմանադրությունը, որն այդուհետ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաջորդ նախագահին ամրապնդելու ավտորիտար կառավարման համակարգը,
4. Տապալել է 1996թ․ ՀՀ նախագահի ընտրությունները, առաջին անգամ զորք է հանել ժողովրդի դեմ՝ բռնազավթելով իշխանությունը,
5. 1996թ․ սխալ հաշվարկ կատարելու և իշխանությանը կառչած մնալու հետևանքով ստիպված է լինում հրաժարական ներկայացնել,
6. 1999թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո նույնպես կոչով դիմում է ժողովրդին՝ հորդորելով «հանգիստ նստել տեղը», արդյունքում Ռ. Քոչարյանը Հայաստանն ամբողջապես սկուտեղի վրա հանձնում է Ռուսաստանին՝ բնականաբար, դառնալով Լաձիմիր Լաձիմիրիչի հավատարիմ լակեյը,
7. Երկարատև լռությունից հետո 2008թ․ քաղաքական նոր հայտ է ներկայացնում, ի վերջո կուլմինացիոն պահին, հասկանալով իր հաղթանակի անհնարինությունը, միայնակ թողնելով իրեն հավատացող մարդկանց, հանգիստ խղճով առանձնանում է իր տանը՝ գործող իշխանությունների հետ կիսելով 10 զոհերի պատասխանատվության բեռը,
8. 2009թ․ ողջունում է ի սկզբանե մեռելածին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը՝ հորդորելով ժողովրդին աջակցել Սերժ Սարգսյանին այդ հարցում, իսկ որտե՞ղ են այդ արձանագրություններն այժմ։ Ճիշտ եք, աղբանոցում։

Ու սա դեռ ոտքի վրա հիշած ու բացառապես քաղաքական տապալված փաստերն են, իսկ, քաղաքականից բացի, նույն ճակատագրին են արժանացել նաև մնացած ոլորտները, ու նա դեռ համարձակվում է նորից կոչ անել ժողովրդին հնազանդվել իշխանություններին։

Ականջալուր լինել հնչած կոչին, թե ոչ՝ թող որոշի յուրաքանչյուրն անձամբ, բայց միմիայն ուշադրություն դարձնելով երկար տարիների ընթացքում պատահած փաստերին։

Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մտքի տիտան լինելը, կարծում եմ, որոշ մարդկանց մոտ ասոցացվում է հայերեն հյութալի խոսքին տիրապետելու հետ, քանի որ նրանք բնազդորեն կախարդվում են հինավուրց, քաղցր ու իրենց այդքան հարազատ մայրենի լեզվի ելևէջներից, որին, սակայն, իրենք չեն տիրապետում։

Հ.Հ.Գ. Այսօրվա յոթ մոր ծիծ կերած, աշխարհի մասշտաբով ավանտյուրիստ ու շուլեր ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը (Խոստիկյանը) առաջինի արժանի հետնորդն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել