168.am-ը գրում է․

Արցախի նախագահական ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը ստացավ 49,26% ձայն, և դրանով արդեն իսկ պարզ դարձավ, որ երկրորդ փուլում նա հաղթելու է` անկախ կորոնավիրուսից կամ այլ խնդիրներից, քանի որ կային կուսակցություններ, որոնք, այսպես թե այնպես, ավելի շուտ կմիանային Արայիկ Հարությունյանին, քան Մասիս Մայիլյանին: 168.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Այստեղ 2-րդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանն ընտրողների մոտ երեսը փրկելու, պահելու խնդիր ուներ, և փորձեցին այլ տարբերակներ փորձարկել: Շատերի մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ Սամվել Բաբայանը և Մասիս Մայիլյանն այլևս գործընկերներ չեն առնվազն: Հիշենք Բաբայանի հայտարարությունները, որ Մասիս Մայիլյանն առանց իրենց որոշում է կայացրել, որ չի ուզում ընտրություններին մասնակցել, երբ նրա շնորհիվ է հիմնականում անցել երկրորդ փուլ: Հիմա պարզ է` երկրորդ փուլը պետք է բարով-խերով անցկացնել, իսկ թե ինչ է լինելու ընտրություններից հետո, դա է խնդիրը, առավել ինտրիգայինը դա է: Հետընտրական այսպիսի իրավիճակ ենք ունենալու, երբ Սամվել Բաբայանը դառնում է հիմնական ընդդիմադիր ուժը, ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի բավականին կայուն ընտրազանգված: Եվ սա այն ընտրազանգվածն է, որին յուրաքանչյուր պարագայում Բաբայանը կարող է փողոց հանել: Ունենք նաև Մասիս Մայիլյան, որի ամբիցիաները մի փոքր տրորվեցին Սամվել Բաբայանի կողմից, որովհետև, ամեն դեպքում, բոլորը հասկացան` Մասիս Մայիլյանի ստացած 26,4% ձայների առնվազն 20 տոկոսը Բաբայանի ձայներն են, և Մայիլյանն ինքն իրենով երկրորդ տեղում չէր հայտնվի: Հայաստանյան և Արցախի քաղաքական դաշտում Մայիլյանին 5 տարի նայելու են այն պրիզմայով, որ ստացած մոտ 26 տոկոսը ձայներն իրենը չեն, և նրան շատ դժվար է լինելու անկախ քաղաքական ֆիգուրի տեսքով հանդես գալ»,- նշեց Քոչարյանը:

Միաժամանակ նա շեշտեց, որ ցանկացած դեպքում, եթե պետք լինի Արցախում ապակայունացնել վիճակը, այդ ուժերը կան, պատրաստ են դրան և միայն հրահանգի են սպասում, հիմնականում` Երևանից: Այսինքն, ըստ Քոչարյանի, Արայիկ Հարությունյանին այդքան էլ հեշտ չի լինելու մոտակա 4 տարիներին երկիրը ղեկավարելը, քանի որ անընդհատ վերը նշված վտանգը դամոկլյան սրի նման կախված է լինելու գլխավերևում, եթե հանկարծ փորձի անցանկալի կամ ավելի անկախ դիրք բռնել:

«Այդ օջախներն արդեն ձևավորված են Արցախում, և ցանկացած անկախ գործունեության դեպքում կարող են լինել ցույցեր, երթեր, այսպես ասած, լեգիտիմության կասկածով, ինչն արդեն ներդրված է, և մոտակա 4-5 տարին Արայիկ Հարությունյանին շատ դժվար է լինելու անկախ քաղաքականություն վարել»,- ընդգծեց մեդիափորձագետը:

Մեր նկատառմանը` փաստորեն նույն կարծիքն եք, կարելի է ասել, արտահայտում, ինչ ռուս և հայ որոշ քաղաքագետներ, որ Արայիկ Հարությունյանի իշխանության թույլ լեգիտիմությունը կարող է տանել այն զարգացումներին, ինչը եղավ ՀՀ-ում, Տիգրան Քոչարյանը համաձայնեց` այո, ցանկացած պահի այդ խաղաքարտը «խաղացվելու» է:

Նրա կարծիքով, հավանական է, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին շատ քիչ մարդ մասնակցի, և ենթադրենք՝ Արայիկ Հարությունյանը ձայների քիչ տոկոսով ընտրված նախագահ է, այս դեպքում ցանկացած հարմար պահի Արցախում ստեղծված «քաոսի օջախների» կողմից դա առաջ կտարվի, եթե Հարությունյանը հլու-հնազանդ պահանջները չկատարի, որոնք դրվում են հայտնի ուժերի կողմից:

Հիշեցմանը, որ Արցախի նախկին վարչապետը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի իշխանության հետ մեկ անհամաձայնություն կարող է լինել, դա Ղարաբաղի խնդիրն է, Քոչարյանն արձագանքեց. «Եթե Արայիկ Հարությունյանը փորձի անհամաձայնություն հայտնել, տարբերակները կդրվեն, որի օրինակները մի քանի օր առաջ մենք արդեն տեսանք Ստեփանակերտում: Այստեղ խնդիրն այն է, որ մի քանի ապակայունացնող կենտրոն կա Արցախում, և կախված հարցի լրջությունից՝ գործի կդրվի համապատասխան կենտրոնը: Բացի այս, մենք պետք է հասկանանք, որ կա Սամվել Բաբայան, որն ունի կայուն ընտրազանված, և այն կուրորեն լսում է իրեն, ենթարկվում է հրամաններին: Եվ սա հիմնականում այն զանգվածն է, որը դժգոհություն է ունեցել Արցախի իշխանություններից:

Թե որքանով հնարավոր կլինի Սամվել Բաբայանին բերել քաղաքակիրթ քաղաքական դաշտ, դա էլ է մեծ խնդիր, որովհետև ամեն դեպքում նա քաղաքական գործիչ չէ, այլ՝ ուղնուծուծով զինվորական մեթոդներին տիրապետող մարդ: Նրա գաղափարախոսությունն այդպիսին է: Այսինքն` շատ հետաքրքիր, խայտաբղետ պատկեր է, բայց նաև՝ բավականին ոչ կայուն համակարգ, որը կարող է յուրաքանչյուր պահի փլվել»:

Մեր հարցին ի պատասխան անդրադառնալով Արցախի նոր խորհրդարանի պատկերին, որտեղ մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներով հայտնվեցին 5 ուժեր, որոնց թվում են նաև Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը և Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը, և հիշեցմանը, որ քարոզարշավի սկզբում նրանց միջև «փոխհրաձգություն» կար, Տիգրան Քոչարյանն ընդունելով այս փաստը, միաժամանակ վստահեցրեց, որ քարոզարշավի վերջին օրերին «փոխհրաձգությունն» արդեն Բաբայանի և Մայիլյանի միջև էր:

«Արցախի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ գեներալները հավաքեցին իրենց տոկոսները, այսինքն` 2 գեներալները կարող են ասել, որ իրենց մոտ մաքուր տոկոսներ են: Մինչդեռ հիմնական թեկնածուներից որևէ մեկի պարագայում նման բան հնարավոր չէ ասել: Եվ 2 գեներալ, փաստորեն, հայտնվում է պառլամենտում, և 2-ն էլ բավականին սկզբունքային դիրքերից են հանդես գալիս, շատ հետաքրքիր կլինի դա տեսնել: Ես հույս ունեմ, որ, եթե Արցախին սպառնացող ինչ-որ վտանգ լինի, նրանք իրենց քաղաքական շահերը մի կողմ կդնեն և կասեն իրենց տղամարդու խոսքը: Պետք է հետևել, բայց կրկնում եմ` շատ փխրուն իրավիճակ է, ոչ կայուն, և յուրաքանչյուր պահի Արցախում հնարավոր է ապակայունացում: Մյուս կողմից՝ ելնելով պրակտիկայից, հույս կա, որ ծանր պահերին նրանք կմոռանան իրենց քաղաքական ամբիցիաները և կմիանան ընդհանուր ինչ-որ գաղափարի»,- հավելեց զրուցակիցը:

Թե որքանով կարելի է համարել իրական «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի պնդումը, որ Արցախում կա քաղաքական ճգնաժամ, Տիգրան Քոչարյանն արձագանքեց` Խառատյանը, բնականաբար, դա պետք է պնդի` հաշվի առնելով նրա` «ճգնաժամերում մասնագիտացված լինելը»:

«Ես որ ասում եմ` որոշ ուժեր ապագայում կարող են ինչ-որ բանել անել, ինչո՞ւ չէ` դրանք նաև այն ուժերն են, որոնց ներկայացնում է Արսեն Խառատյանը, որն իր գործն արեց ՀՀ-ում, հետո դուրս եկավ իշխանությունից, հիմա փորձում է ինչ-որ բաներ անել Արցախում: Հույս կա, որ Արցախում այլ մենթալիտետ է, և հիմնական խաղացողները պետք եղած պահին կկանգնեն պետության կողքին և սխալ քայլեր չեն անի»,- հույս հայտնեց նա:

Ի պատասխան հարցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հոդվածում հորդորում է վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը, մեդիափորձագետը կարծիք հայտնեց, թե որքան Տեր-Պետրոսյանը քիչ խոսի Արցախից, այնքան լավ Արցախի համար, քանի որ Արցախի հետ կապված որևէ դրական գործունեություն այսքան տարիների ընթացքում չի տեսել: «Պետք է ուշադիր փորձել կարդալ տողատակերը, իսկ տողերի արանքում այն է, որ Արցախին, ամեն դեպքում, վտանգ է սպառնում, և Տեր-Պետրոսյանը չի, որ այդ վտանգը վնասազերծողն է: Տեր-Պետրոսյան և Արցախ՝ գաղափարապես շատ տարբեր բաներ են»,- եզրափակեց Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել