168.am-ը գրում է․

«Իրավունք» թերթը գրել էր, թե Իջևան քաղաքի միակ պոլիկլինիկայում հիվանդներին ստիպում են մնալ տանը և չդիմել բժշկի` մինչև դանակը չհասնի ոսկորին:

«Մեր աղբյուրը, ով բնակվում է Իջևան քաղաքում, մեզ հետ զրույցում նշում է, որ օրեր շարունակ ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բարձր ջերմություն, դժվար շնչառություն, հազ, սակայն որևէ կերպ Իջևան քաղաքում գտնվող պոլիկլինիկայում օգնություն չեն ցուցաբերել»,- գրել էր թերթը։

Իջևանի պոլիկլինիկայի տնօրեն Գրիգոր Նազինյանը 168am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ մանրամասնելով․

«Առաջին գծում պայքարում ենք, ու սրանով ոնց որ մեջքներս կոտրեն։ Գիտենք, թե ով է նման ինֆորմացիա հաղորդել՝ 40-50 տարեկան մարդ է։ Հազ չունի, ոչ էլ գրիպանման խնդիր, բայց մեծ ֆոբիա ունեին ինքն էլ, իր երեխան էլ, թե կարող է՝ կորոնավիրուս են։ Կատարել ենք ռենտգեն քննություն, որովայնի սոնոգրաֆիա, ԷԿԳ, արյան բիոքիմիական հետազոտություն, և այլն։ Բոլոր սենյակներով անցել ենք, ինքը, թե՝ բա ես կորոնավիրուսի անալիզ եմ ուզում։ Ասում ենք՝ ուղեցույցից ելնելով՝ դա անհրաժեշտ չէ, հանգստացիր, հետն աշխատում ենք, ինքը, թե՝ բա կորոնավիրուսի անալիզ եմ ուզում։ Ախր ամբողջ կոլոկտիվը բոլորի նկատմամբ ուշադիր է»։

Իջևանի պոլիկլինիկայի տնօրենը նշում է՝ քաղաքացու հետ խոսել է՝ ասելով, որ սթրեսից է ջերմությունը 37,2 բարձրանում, մի քանի օր թող հանգիստ մնան, նոր կրկին չափեն։ Այդպես էլ արել են, ու մի քանի օրից եկել-ասել է, թե «լավ է, էլ չի ջերմում, բժիշկ ջան»։

«Մենք արտակարգ իրավիճակում ենք աշխատում։ Շաբաթ-կիրակի օրերին հերթապահում ենք 2-ական ընտանեկան բժշկով, հորդորել ենք բոլոր խրոնիկ հիվանդներին, ովքեր հակադիաբետիկ դեղեր են ստանում, որ չգան, ու ինքներս ենք տանում դեղերը։ Մեկ ամսում 670 հիվանդի դեղ ենք տարել իրենց տները։ Այս փուլում մեզ մոտ 240 հղի կա, օրը մոտ 250 այց ենք ունենում»,- նշեց Գրիգոր Նազինյանը։

Նրա փոխանցմամբ՝ կորոնավիրուսի մեկ դեպք իրենք ավելի վաղ են բացահայտել ու մեկուսացրել են տվյալ անձին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել