168.am-ը գրում է․

«Ես ավելի քան համոզված եմ, որ սա Նիկոլ Փաշինյանի հոգևոր հոր աջակցությունն էր ներկայիս կառավարությանը։ Իրականում, այդ հայտարարության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է ոչ թե կորոնավիրուսի հաղթահարելուն ուղղված քայլերի կամ պարտավորության մասին, այլ առիթն օգտագործում է՝ թիրախավորելու և թշնամանքի ալիք գեներացնելու բոլոր այն ուժերի դեմ, որոնք ընդդիմախոսում են իշխանությանը»,- 168am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

«Մենք տեսնում ենք, որ կառավարությունը մեկը մյուսին հակասող որոշումներ է կայացնում, անընդհատ իրենք իրենց հերքում են, դրան զուգահեռ՝ պետական ինստիտուտները սկսում են կործանվել, օրինակ՝ Քաղավիացիայի դեպքը, և այս ամենից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը թեմա է շեղում՝ իրեն առաջ բերելով և հարվածի տակից հանելով Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ առաջին նախագահը, ըստ էության, ստեղծված իրավիճակում համախմբման կոչ է անում, Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսպես արձագանքեց․ «Դա այն է, ինչի վրա ինքը հետո պետք է հղվի։ Բոլորը տեսան, որ իր հիմնական նպատակը համախմբումը չէ, այլ թիրախավորումն էր իր իսկ քաղաքական հակառակորդների։ Իհարկե, ասել մեկ-երկու բառ, որի վրա հետո կարելի է հղվել՝ ասելու համար, թե իրականում համախմբման կոչ էր անում, չէր թիրախավորում, պարզ էր․ նա փորձառու դիվանագետ է, և նահանջի ճանապարհներն իր համար միշտ պահում է։ Եթե դա համախմբման կոչ լիներ, ապա քաղաքացիները բազում օրինակներ էին բերել, թե ինչ պետք է ասեր Առաջին նախագահը, որ չկար այդտեղ։ Այդտեղ կային մերկապարանոց մեղադրանքներ՝ իր քաղաքական հակառակորդների և իշխանությունների ընդդիմախոսների հասցեին, և կար Նիկոլ Փաշինյանին լիարժեք աջակցության խոսք, ուրիշ բան այնտեղ չկար»։

Քաղաքագետը նկատեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ստում է, երբ խոսում է պատերազմական իրավիճակի մասին․ «Չկա նման բան, որևէ պատերազմական իրավիճակ չկա, կա վարակի տարածում, փառք Աստծո, անհամադրելի է մարդկության պատմության մեջ եղած այլ վարակների հետ, և կարծում եմ, որ գույները չափազանց խտացվում են՝ այլ խնդիրներ լուծելու համար։

Այդ հայտարարությունը վիրուսի դեմ պայքարի հետ որևէ առնչություն չունի։ Այս իրավիճակում, երբ ժողովրդի միտքը վիրուսի դեմ պայքարն է, ինքը մարդկանց էմոցիաները փորձում է այլ ուղղությամբ տանել, վերածել ատելության։ Սա իր հոգեզավակին մեկնված օգնության ձեռք էր, արել է այնքանով, որքանով կարողացել է։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ օգուտ է տվել, ես համաձայն չեմ, ես կարծում եմ, որ սա արջի ծառայություն էր։ Եվս մեկ անգամ բացահայտվեց, ցուցադրվեց ներկայիս իշխանության իրական էությունը, իր հոգևոր հայրերի առաջնահերթությունները՝ հիվանդության դեմ պայքարի ժամանակ և իրենց իրական նպատակները։ Ուրիշ ոչինչ այնտեղ չկար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել