168.am-ը գրում է․

«Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակագ դրությամբ պայմանավորված Գյումրիում մի քիչ անհասկանալի վիճակ է՝ սկսած նրանից, թե ինչո՞ւ պետք է լրացնեն թուղթը, որը դուրս գալուց պետք է մարդիկ ոստիկանին ներկայացնեն, վերջացրած, թե իրականում առողջապահության կոնտեքստով պայմանավորված ինչպիսի իրավիճակ է Գյումրիում, որքա՞ն են վարակվածները, որտե՞ղ են պահվում և այլն: Կա անհասկանալիության որոշակի մթնոլորտ, որը մարդկանց մոտ առաջացնում է կիսախուճապային վիճակ»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս օրերին ի՞նչ վիճակ է Գյումրիում, մարդիկ ինչպե՞ս են պահպանում մեկուսացման կանոնները և ինչպե՞ս են փորձում հաղթահարել առաջացած սոցիալական խնդիրները:

Նրա խոսքով՝ առաջին հերթին նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ ինֆորմացիայի պակաս կա: Բացի այդ, մարդիկ վաղվա օրվա նկատմամբ ունեն խորը անվստահություն, քանի որ Գյումրիում մեծ թիվ են կազմում օրավարձով աշխատող մարդիկ, հատկապես այն պայմաններում, երբ Շիրակի մարզը համարվում է ամենաղքատ մարզերից մեկը և ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ:

«Գյումրիում մարդիկ շատ քիչ են, որոնք ունեն խնայողություններ»,-նշեց Ա. Համբարձումյանը:

Հարցին՝ մարդկանց սոցիալական խնդիրները որոշ առումով թեթևացնելու համար Տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացրե՞լ են որևէ ծրագիր, հատկապես, որ արտագնա աշխատանքի մեկնողներն այս պայմաններում չեն կարողանալու երկրից դուրս գնալ, Արթուր Համբարձումյանը պատասխանեց, որ խնդիրը պետք է բաժանել երկու մասի. Նախ՝ այն մարդիկ, որոնք արդեն մեկնել էին արտերկիր, այս պահին գտնվում են պարապուրդի մեջ:

«Ինչ վերաբերում է ՏԻՄ գործողություններին, ապա այսօր առաջացած խնդիրը համապետական նշանակության է, քաղաքապետարաններն ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ լուծում են միայն միայն այն խնդիրները, որոնք ունեն համայնքային նշանակություն: Իսկ պետական նշանակության խնդիրների լուծումը դրված է համապետական մարմինների, հետևաբար՝ Կառավարության և մարզպետարանի վրա: Այսինքն՝ մտածել, որ այս իրավիճակում քաղաքապետարանը կարող է մարդկանց մատից փուշ հանել՝ միամտություն կլինի, քանի որ չկա օրենսդրական նման կարգավորում և ֆինանսական միջոցներ: ՏԻՄ-երն այսօր մի մեծ խնդիր ունեն, որը պետք է լուծեն՝ դա քաղաքի մաքրումն է, ինչը ես չեմ տեսնում: Այսինքն՝ ես չեմ տեսել, որ քաղաքն ախտահանեն: Մի անգամ «168 Ժամին» հարցազրույց էի տվել և ասել, որ քաղաքը չեն ախտահանում, դրանից հետո երկրորդ օրն ինչ-որ գործողություն արեցին քաղաքում, չնայած չէի ուզենա, որ այդ գործողությունը տեղի ունենար: Հիմա փակագծերը չեմ բացի, թե ինչ է տեղի ունեցել, ուղղակի լավ կլիներ, որ առհասարակ տեղի չունենար»,- շեշտեց Արթուր Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է այս իրավիճակում Կառավարության գործողություններին, ապա, Արթուր Համբարձումյանի կարծիքով՝ կան բազմաթիվ խնդիրներ առ այն, թե Կառավարության վրա ինչ պատասխանատվություն է դրված, խոսքը բարոյական և օրենսդրական պատասխանատվության մասին է, որտեղ կան բազմաթիվ հարցեր, որոնց Կառավարությունը մինչ օրս չի կարողանում պատասխանել:

Ըստ նրա՝ Գյումրիում ևս գրանցվել է գնաճ, թանկացել են պարենային ապրանքները, սակայն պետք է նկատել, որ դրանք թանկացել են ոչ միայն՝ իրենց նոմինալ արժեքով, այլև՝ մարդկանց եկամուտների կտրուկ նվազում է տեղի ունեցել, ինչը լրջագույն խնդիր է, որի ռիսկերը պետք է Կառավարությունը կարողանա մեղմել իր նպատակային ծրագրերով ու քայլերով:

«Նման քայլեր ինքս չեմ տեսնում, փոխարենը՝ տեսնում եմ հայտարարություններ, որ Հայաստանում չկան օրավարձով աշխատող մարդիկ: Վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ այն վարկառուները, որոնք կկարողանան բանկերին ապացուցել, որ իրենց վարկային պարտավորությունների թերի կատարումը կապ ունի կորոնավիրուսի հետ, ապա բանկերը պարտավոր են ընդառաջ գնալ այդ վարկառուներին: Եթե մենք ուզում ենք հասկանալ, թե Կառավարությունն ինչպիսի իրական քայլեր է իրականացնում, որպեսզի այս իրավիճակից քաղաքացիների դուրս գալու կորուստները նվազեցնի, ապա մենք պետք է վերցնենք այդ հայտարարությունը և ըստ դրա կարծիք կազմենք Կառավարության այդ ողջ տնտեսական գործունեության վերաբերյալ»,- հավելեց նա:

Արթուր Համբարձումյանը նաև հիշեցրեց, որ ընդամենը 20 օր առաջ վարչապետը բուկլետ էր բաժանում, հանրահավաքներ անում և «գլուխ գովում» հանրահավաքներում մարդկանց մեծ քանակության համար:

Նա միաժամանակ ընդգծեց, որ ցանկանում է լսել կոմպետենտ կարծիք, թե կորոնավիրուսի տարածման այս չափերի համար ովքեր են մեղավոր, ովքեր են կոնկրետ պատասխանատուները:

Հարցին՝ այս ամենի միակ պատասխանատուն Կառավարությո՞ւնն է, Արթուր Համբարձումյանը պատասխանեց.
«Ամբողջ աշխարհը ներծծված էր այս վիրուսով, չեմ ասում, որ մեր Կառավարությունն է մեղավոր, որ Հայաստանում գոնե մեկ վարակված է եղել, այլ ասում եմ, որ Կառավարությունն է մեղավոր, որ վարակը մեր երկրում այսչափ տարածվել է, որոշ չափով մեղավոր է նաև Ազգային ժողովը, որը դրված է, որպեսզի որոշակի վերահսկողություն իրականացնի գործադիրի նկատմամբ, բայց այս ամենի անմիջական պատասխանատուն Կառավարությունն է: Մի այսպիսի խոսք կա, ասում են՝ սատանան այնքան վախենալու չէ, որքան իր անունը, եթե պրոյեկտենք, ապա կարող ենք ասել, որ կորոնավիրուսն այնքան վտանգավոր չէ, որքան այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ՝ դրա հետ կապված:

Այս ամենի հետ մեկտեղ՝ այդուհանդերձ, ամբողջ աշխարհում մեկ պոզիտիվ բան տեսնում եմ, որ մարդկային հարաբերություններում տեղի է ունենում որոշակի մաքրման գործընթաց, երբ փողի կշիռը մարդկային հարաբերությունների մեջ սկսում է իր տեղը զիջել: Սրանից զատ, նաև բնությունն է սկսում մի քիչ մաքրվել, փաստորեն, այսքան բանի մեջ երկու դրական դրվագ կա, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին»,- եզրափակեց Արթուր Համբարձումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել