168.am-ը գրում է․

«Այսօրվա դրությամբ եղանակի փոփոխության հետ կապված՝ գյուղատնտեսության ոլորտում որևէ վտանգ չենք տեսնում։ Շիրակում, Գեղարքունիքում ցանքը չի սկսվել, իսկ Արմավիրի մարզում դեռ ցրտահարության վտանգ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ ուրիշ մտահոգություն ունեն։

«Այս տարի այգիներում քիչ մեղու է եղել, փոշոտումը քիչ է կատարվել, որի արդյունքում բերքը քիչ կլինի։ Սա է հիմնական խնդիրը, ոչ թե ցրտահարությունը։ Մենք առաց այդ էլ մեղվի խնդիր ունենք, հիմա էլ այս երկարատև անձրևների պատճառով մեղուները չեն աշխատում, փոշոտում չի կատարվում այգիներում։ Մենք այսօր Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել ենք, որ Հայաստանում մեղվաբուծությունը պետք է զարգացնել, ծրագիրը կփորձենք մշակել։ Առանց մեղվաբուծության պտղաբուծություն չի լինում, որովհետև փոշոտումը հիմնականում մեղվի միջոցով է կատարվում։ Տարածքներ կան, որ ընդհանրապես մեղու չունենք»,- ասաց նա։

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր երկրներում մեղվի քանակի անկում կա․ «Անգլիայում՝ 20 տոկոս, Իտալիայում 15 տոկոս․ սա կորոնավիրուսի հետ կապված չէ, Անգլիայի և Լեհաստանի գիտնականներն ասում են, որ կապված է բջջային հեռախոսակայանների հետ։ Համենայնդեպս, մեր գիտնականներն այդ մասին չեն ասել, եթե հաստատվեց, ապա Հայաստանում խոշոր բջջային օպերատորներն էլ պետք է այս ուղղությամբ աշխատանք տանեն, իրենց բարեգործական ծրագրերն ուղղեն Հայաստանում մեղվաբուծության զարգացմանը»։

Նա նշեց, որ այս փուլում հատկապես գյուղատնտեսությանն է պետք ուշադրություն դարձնել․ «Շատ երկրներ մտահոգված են, որ պարենի խիստ պակաս է լինելու այս տարի, և այսօր ՀՀ կառավարության հետ ամեն ինչ պետք է անենք, որ մեր գյուղատնտեսությունը մեկ-երկու քայլ առաջ տանենք։ Մենք պատրաստ ենք ներկայացնել ծրագրեր՝ ցորենի, գարու, սոխի, կարտոֆիլի արտադրությունն ավելացնելու համար։ Այդ ծրագրերը մշակում են, որ ստրատեգիական ուղղությունները կարողանանք պահպանել։

Հայաստանը երբեք 100 տոկոսով չի կարող իրեն ցորենով ապահովել, բայց պարենային ցորենով մոտ 40-50 տոկոս կապահովենք։ Բայց դրա փոխարեն՝ բանջարեղեն կարող ենք շատ արտադրել, տոմատի մածուկի արտադրությունը մեծացնել, որն 8 անգամ ավելի շահութաբեր է, քան ցորենը։ Սրանք այն ուղղություններն են, որոնց վրա այսօր մեր միավորման մասնագետներն աշխատում են, այս երկու օրը ներկայացնելու ենք կառավարությանը, տեսնենք՝ ինչ է լինում։ Բայց հարցը խիստ ենք դնելու, որ դատարկագլուխներն այդ ծրագրերին չմասնակցեն, միայն և միայն մասնագետները պետք է զբաղվեն դրանով, որ ունենանք հաջողություններ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել