Tert.am-ը գրում է.

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 733 մլն դրամ, տնօրենն ունի տասը խորհրդական, որոնց անունները չեն հայտնում, իսկ մոտ մեկուկես տարում աշխատանքից ազատվել է 69 աշխատակից:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Հարցին, թե ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում ինչո՞ւ չկան տեղեկություններ և կենսագրական տվյալներ ՊՈԱԿ-ի աշխատակազմի մասին, Մովսիսյանը հայտնել է, որ դա անձնական բնույթի տեղեկատվություն է և տրամադրվում է միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ այն դեպքում, եթե այդ տեղեկատվության օգտագործման վերաբերյալ տրամադրվում է «բավարար պաշտպանության մակարդակ», այդ պատճառով էլ բացակայում է:

Ինչ վերաբերում է տնօրենի կենսագրական տվյալներին և փոխտնօրենների մասին տեղեկատվությանը, ապա այն հասանելի կլինի կայքի նոր տարբերակում, որն այս պահին պատրաստման փուլում է։

Թե ովքեր են համակարգում վերլուծական և ստեղծագործական ուղղությունները, Հովհաննես Մովսիսյանը պատասխանել է, որ դրանք համակարգում են փոխտնօրեններ Նարեկ Ադամյանը և Անի Բաղդասարյանը։

Թե ինչ նպատակով են տարբեր գերատեսչությունների մամուլի խոսնակներ հրավիրվում նիստի, ՊՈԱԿ-ից պատասխանել են. «Գերատեսչությունների մամուլի խոսնակների հետ, ըստ անհրաժեշտության, տեղի են ունենում հանդիպումներ՝ աշխատանքը համադրելու նպատակով»։ Թե որ աշխատանքն է համադրվում և դա ինչ է ենթադրում, ՊՈԱԿ-ի պատասխանում չի մեկնաբանվում:

Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկություններն առ այն, որ ՊՈԱԿ-ը յուրաքանչյուր ամիս պետական կառույցների, մասնավորապես իրավապահ մարմինների աշխատակիցների ու պաշտոնյաների հեռախոսազանգերի ցուցակ է վերցնում բջջային օպերատորներից և  ներկայացնում Կառավարության ղեկավար կազմին կամ վարչապետին, ՊՈԱԿ-ից հերքել են.  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը բջջային օպերատորներից որևէ ցանկ չի ստացել և  չի ստանում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել