Մոսկվայում մահացել է հայազգի գիտնական, ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Միշիկ Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը

Նշենք, որ գիտնականն օրերս հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածով:

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ 72 տարեկանում մոսկովյան «Նովոմոսկովսկիյ» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի գիտնական, պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Միշիկ Ղազարյանը: Դեսպանատան անունից սրտանց ցավակցում ենք հայտնի գիտնականի հարազատներին ու մտերիմներին:

Միշիկ Ղազարյանը ֆիզիկոս էր և համարվում է սպեկտորի տեսանելի շրջանի համար ամենավառ իմպուլսային լազերի ստեղծողը: Այդ հայտնագործության համար նա 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի: Մինչ մահը Ղազարյանն աշխատում էր Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում»,- ասված է դեսպանատան տեղեկագրում:

Դեսպանատունը տեղեկացնում է, որ ավելի վաղ նույն կլինիկայում մահացել է նրա կինը՝ բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտի 27-ի երեկոյան Մոսկվայի «Նովոմոսկովսկիյ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել էր կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել