Այս ամառ ՆԱՍԱ-ն նախատեսում է գործի դնել մարդկության պատմության ամենակատարյալ մարսագնացը: Այն կունենա 1025,12 կգ քաշ, և գլխավոր նպատակը կլինի Մարս մոլորակից Երկիր նմուշներ ուղարկելը:

ՆԱՍԱ-ի աշխատակիցների գլխավոր հույսն այն է, որ մարսագնացը նոր վկայություններ կհավաքի Մարսի վրա կյանքի գոյության մասին՝ կենդանի թե մահացած: Սակայն վերջերս կայացած Մարսի վրա հնարավոր աստղակենսաբանության վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ պարզ է դարձել, որ գրեթե բոլոր մասնակիցները կարծում են, որ եթե այդ մոլորակի վրա կա կյանք, ապա այն կլինի խորը ընդերքում:

Mars Extant Life կոնֆերանսի ժամանակ ՆԱՍԱ-ի ռեակտիվ գործողությունների լաբորատորիայի գիտական աշխատակից Վլադ Ստամենկովիչը պաշտպանել է գաղափարն այն մասին, որ գոյություն ունի մարսյան կյանք, սակայն մոլորակի ընդերքում:

«Մարսի մակերևույթն օքսիդիչ, ռադիացիոն առումով ծանր միջավայր է, որտեղ հեղուկ ջուրն այնքան էլ կայուն չի մնում երկար ժամանակահատվածի ընթացքում: Մակերևույթը Մարսի վատագույն հատվածն է կյանք փնտրելու»,- ասել է Ստամենկովիչը:

Որոշ գիտնականներ առաջարկում են խորամանկ ռոբոտներ ստեղծել, որոնք ունակ կլինեն ուսումնասիրելու մարսյան քարանձավերի համակարգերը, սակայն սա, իրականում, չափազանց բարդ տեխնիկական նախագիծ է:

Ըստ Ստամենկովիչի՝ առավել կարևոր է այն, որ գործակալությունը կարողանա Մարս ուղարկել այնպիսի սարքավորումներ, որոնք կկարողանան ճանաչել ու հետազոտել ստորերկրյա ջրերն ու հնարավոր կյանքի հետ կապված քիմիական նյութերը: Կամ էլ Մարսի ստորգետնյա գաղտնիքները բացահայտելու համար պարզապես պետք է սպասենք այնքան, մինչև որ ՆԱՍԱ-ն իրականացնի իր երկար սպասված նախագիծը՝ մարդիկ ուղարկի Կարմիր մոլորակ: Այս առաքելությունը նախատեսում են կատարել 2030-ական թվականների կեսերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել