168.am-ը գրում է․

«Երևանի քաղաքապետի արձագանքը ոչ միայն ագրեսիվ էր, այլև հարիր չէր այդպիսի պաշտոնը զբաղեցնող քաղաքական գործչին, որովհետև պարունակում էր նաև վիրավորական արտահայտություններ։ Օրինակ՝ ես չեմ մտաբերում, թե վերջին անգամ որ բարձրաստիճան պաշտոնյան է հրապարակավ «տականքություն» բառը կիրառել՝ որպես ինչ-որ մեկի գործողությունների որակում, որն արեց Հայկ Մարությանը»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ուղիղ եթերում հնչեցված հայտարարություններին։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ, ինչպես բոլորը, այնպես էլ ինքը փնտրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և մի թեթև «սպրավոչկա» է ուզում նրանից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ:

«Մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես և ինչով են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը: Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել, ոչ մեկդ, ոչ մի անգամ: Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է՝ տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում և ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է»,- մասնավորապես գրել էր պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանի գրառմանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատասխանեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այս քանի օրը համացանցում շատ տարօրինակ հայտարարություններ եղան՝ կապված նրա հետ, որ՝ ուր է քաղաքապետը, քաղաքային իշխանությունները։ Հայտարարություն եղավ, թե ինչո՞ւ չեն նայում մեր մեծերին, մեր մեծահասակ համաքաղաքացիներին, ի՞նչ են անում։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս դժվար օրերին առնվազն տականքություն է մեր մեծերի, մեր մեծահասակ քաղաքացիների վրա հավաքել քաղաքական դիվիդենտներ։ Քաղաքապետն իր աշխատանքի վայրում է, ամեն օր աշխատում է։ Եթե թե՛ քաղաքապետը, թե՛ թաղապետերը կամ փոխքաղաքապետերը ուղիղ եթերներ չեն անում, դա չի նշանակում, որ իրենք չեն աշխատում։ Ամեն քաղաքական գործիչ գործում է յուրովի։ Ես ուղիղ եթերներ չեմ մտնում։ Բայց այս մարդկանց լոգիկային որ հետևես, որ այս բամբասանքներն անում են, եթե այս տարվա մեջ 4-5 անգամ եմ ուղիղ եթեր մտել, նշանակում է՝ 4-5 անգա՞մ եմ աշխատել, մնացած  ժամանակ տա՞նն եմ եղել։ Այսուհետև, սրանից հետո էլ ես ուղիղ եթերներ չեմ մտնելու, սա իմ աշխատեոճն է։ Հարգելիներս, ձեր ֆեյսբուքյան գրառումներով դուք ոչ մի օգուտ չեք բերում մեր ժողովրդին։ Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը, կարանծյա պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս կորոնավիրուսը կպնում»,- ուղիղ եթերում ասել էր քաղաքապետը։

«Թե ինչով է պայմանավորված քաղաքապետի՝ վերջին շրջանի ագրեսիան, դժվարանում եմ ասել։ Երևի նրանով, որ իր աշխատանքն այդքան էլ արդյունավետ չի ստացվում, և դա այդպես է դրսևորվում»,- նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում քաղաքապետի ուղիղ եթերից հնչեցված մեկ այլ հայտարարության էր անդրադարձել՝ մասնավորապես, գրելով․ «Երեկ Երևանի քաղաքապետը ֆեյսբուքյան լայվով լավ լուր հայտնեց այն մասին, որ վարչապետի հետ խորհրդակցելով՝ վերջնական որոշել են կառուցել Լենինգրադյան-Իսակով ճանապարհներն իրար միացնող ճանապարհը: Սա հնարավոր է դարձել քաղաքապետի և դոնոր կազմակերպության արդյունավետ բանակցությունների միջոցով: Հ․Գ․ Ճանապարհը շահագործման հանձնվելուց հետո հանդես կգամ առաջարկով՝ անվանակոչել այն Մոնթե Մելքոնյանի անվամբ»։

Դավիթ Խաժակյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ է նման գրառում կատարել։

«Գրառումս հումորային տարրեր է պարունակում։ Ես գրառմանս մեջ նշել եմ Լենինգրադյան-Իսակով պողոտան, որն արդեն կա։ Քաղաքապետը խոսել էր Իսակով-Արշակունյացի մասին, որի փողը և ծրագիրը ևս կա, բայց դա այնպես ներկայացվեց, որ՝ վարչապետի հետ որոշել են այդպիսի ճանապարհ կառուցել, և դա որպես նոր նախաձեռնություն ներկայացվեց։ Ես այդ գրառումովս փորձեցի ցույց տալ, որ իրականում խոսքը եղած և պատրաստի ծրագրի մասին է։ Այդ ծրագիրը տարիներ շարունակ կա, առաջին փուլը եղել է Լենինգրադյան-Իսակովը, որն ավարտվել է, երկրորդն իրականացվում է Ասիական Զարգացման բանկի միջոցներով, միջոցները կա, պարզապես պրոցեդուրալ աշխատանքներ կան, պետք է արվեն, և շարունակվի այդ ճանապարհահատվածի շինարարությունը։ Այստեղ մեկ բան կարող էին վարչապետն ու քաղաքապետը որոշել՝ չանել դա, որովհետև անելը որոշված էր, ֆոնդը կար։ Իսկ գրառմանս աբսուրդը նրանում է, որ շատերը ենթատեքստը չեն հասկացել, ինչն ինձ ստիպում է ենթադրություն անել, որ եթե, օրինակ՝ մեկ շաբաթից վարչապետն ու քաղաքապետը գնան այնտեղ և ժապավենը կտրեն այդ ճանապարհի, գուցե շատերը ծափահարեն, ասեն՝ տեսեք, առաջին նոր կառուցված ճանապարհը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել