Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտի հիմքում ավելի շատ տնտեսական դրդապատճառն է, քան քաղաքական: Ըստ նրա՝ այլ հարց է, թե որքանով է այդ քայլը տեղավորվում բիզնեսի էթիկայի, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում` հաշվի առնելով նոր կորո-նովիրուսի համավարակի ազդեցությամբ Հայաստանի տնտեսության սպասվելիք անկումը։

-Պարոն Վարդանյան, ինչպես գիտեք, «Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող գազի սակագները վերանայելու հայտ է ներկայացրել ՀԾԿՀ: Մի շարք տնտեսագետներ կարծում են, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Գազպրոմ Արմենիայի» հայտը, այն ոչ մի տնտեսական հիմնավորում չունի, քանի որ գազի շուկայական գինը համաշխարհային շուկայում գահավիժում է և ըստ էության սակագնի բարձացման հայտը քաղաքական դրդպատճառներով է պայմանավորված: Դուք ի՞նչ եք կարծում:

- Եթե կարճ, ապա ես այդպես չեմ կարծում: Հայաստանն այլևս ԵԱՏՄ-ի անդամ է, ինչ քաղաքական դրդապատճառի մասին կարող է խոսք լինել: Այո, համաշխարհային շուկայում գազի գներն իջել են: Մասնավորապես, զավեշտալի է, որ Եվրոպայում գազի սպոտային գինը ցածր է եղել ռուսականի մակարդակից: Այսպես, օրինակ, մարտի 30-ին եվրոպական գլխավոր առևտրային հարթակում՝ հոլոնդական TTF – ում 1000 խ3 գազն արժեցել է 79,97 դոլար: Մինչդեռ Ռուսաստանի արևմտյան մարզերում (Լենինգրադյան և Սմոլենսկի) գազի արժեքը եղել է 84-85 դոլար: Եվրոպայում գազի գնի անկումը պայմանավորված է պահանջարկի նվազմամբ, ինչի վրա ազդել են երկու գործոններ. մեղմ ձմռանից հետո ստորգետնյա պահեստարաններում ռեկորդային մնացորդներ և համեմատաբար էժան հեղուկ գազի առաքման ծավալների աճը: Վերջինիս (թերթաքարային գազի) գլխավոր մատակարարն ԱՄՆ-ն է: Հեղուկ գազի գինը սովորաբար արձագանքում է նավթի գների փոփոխությանը: Նավթի շուկայում սկսված գնային պատերազմը միտված էր ազդելու այդ մատակարարումների, ինչպես նաև ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արդյունաբերության վրա: Այդ պատճառով էլ OPEC+-ի գործարքը, կապված նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ, տապալվեց: Դրանից հետո տեղի ունեցավ նավթի գնի գահավիժում:

Հավանաբար էներգակիրների շուկայում ծավալված լայնամասշտաբ գնային պատերազմը որոշակի հյուծեց դրա մասնակիցների տնտեսությունները: Գուցե դա է պատճառը, որ օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան վերսկսելու են բանակցությունները: Հավանաբար ինչ-որ համաձայնություն ձեռք կբերվի, ինչի շնորհիվ նավթի գինը կբարձրանա: Նկատի ունենալով այն, որ հեղուկ գազի գինը փոխկապված է նավթի գնի հետ, կարելի է ենթադրել, որ հեղուկ գազի գինը նույնպես կբարձրանա, ինչն էլ կազդա նաև բնական գազի գնի վրա:
Մի կարևոր հանգամանք ևս․ 2020 թ․ բյուջեի նախապատրաստման ժամանակ «Գազպրոմը» արտահանման ելակետային գին է համարել 200 դոլարը (1000 խ3), իսկ արդեն 2020 թ. փետրվարի 1-ի նորացված գնահատականը եղել է 175–185 դոլար 1000 խ3 –ի համար: Հարկ է նշել, որ մինչև նավթի շուկայում գների կարգավորումը, Ռուսաստանը հսկայական կորուստներ կունենա: Չմոռանանք նաև, որ արդեն 6 տարի է, ինչ Ռուսաստանի տնտեսությունը գործում է պատժամիջոցների պայ-մաններում: Այդ պարագայում, որքանով է հարմար հայցել գազի գնի նվազեցում:

Ասվածը հիմք է, ենթադրելու, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտի հիմքում ավելի շուտ տնտեսական դրդապատճառն է, քան քաղաքականը: Այլ հարց է, թե որքանով է այդ քայլը տեղավորվում բիզնեսի էթիկայի, կորպորատիվ սոցիալական պատաս-խանատվության շրջանակներում՝ հաշվի առնելով նոր կորոնովիրուսի համավարակի ազդեցությամբ Հայաստանի տնտեսության սպասվելիք անկումը: Այդ խնդիրն այդպես սուր չէր զգացվի, եթե ՀՀ տնտեսության մեջ արտադրողականությունը բարձր լիներ․ դա կհանգեցներ բնակչության համընդհանուր բարեկացության մակարդակի աճին: Այսինքն՝ խնդիրն արտադրողականության բարձրացման հաշվին մարդկանց եկամուտների առաջանցիկ ավելացումն է, այլ ոչ թե գների իջեցումը, ինչը պայմանավորող գործոնները շատ դեպքերում գտնվում են ազգային տնտեսության շրջանակներից դուրս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել