168.am-ը գրում է․

Հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, վերջին շրջանի լարվածությունը, թերևս, պայմանավորված է նաև Ադրբեջանում ստեղծված տնտեսական իրավիճակով, որը կարող է նոր զարգացումներ ունենալ: Մասնավորապես, այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական նավթի գինը 1 բարելի դիմաց իջել է 16 դոլարի, և եթե այս իրավիճակը մի քանի ամիս տևի, ապա լուրջ խնդիրներ կառաջանան, և ականատեսը կլինենք մանաթի դևալվացիայի նշանակալի ցուցանիշի, ինչը տեղի ունեցավ 2015-ին` մոտ 30 տոկոով:

168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը`չբացառելով, որ Ադրբեջանը լարվածությունը տեղափոխի Արցախ, թեպետ, կրակոցների ինտենսիվության առումով, ըստ նրա, մեծ հաշվով, Տավուշի և Արցախի դեպքում տարբերություն չկա: Այլ հարց է, երբ դրանք տեղի են ունենում նախիջևանյան հատվածում, այստեղ մի փոքր տարբերություն լինում է:

Դիտակմանը` Ադրբեջանի բյուջեն վերանայվելու է, ծախսային մասով կրճատումներ են սպասվում, որոնց թիրախում կարող է հայտնվել ռազմական ոլորտը, և հնարավոր է, որ կրճատումները հատկապես ազդեն սպառազինության գնումների վրա, ռազմական վերլուծաբանը համաձայնեց:

«Բնականաբար, կրճատումներն ազդեցություն են ունենալու ռազմական բյուջեի վրա, հիշենք 2014-2015 թվականները, երբ այն մինիմում 2 անգամ «փլվեց»: Պարզ է` եթե սոցիալական ինչ-որ պարտավորություններ չես կարողանում կատարել, ստիպված ես դա անել նաև ռազմական ծախսերի կրճատման հաշվին: Իսկ այդ կրճատումները վերաբերելու են հենց սպառազինության գնումներին, ինչպես նախկինում, որի մասին հիշատակեցի: Ըստ էության, մինչ օրս Ադրբեջանը չի հասել գնումների այն տեմպին, որն ունեցել է նախքան այդ ճգնաժամը, և հիմա, թերևս, ավելի վատ է լինելու այդ առումով, եթե, իհարկե, իրավիճակը երկար տևի: Եթե մենք վերցնենք 2019-ի թվականը, ապա Հայաստանն առավել նշանակալի գումարի սպառազինություն է գնել, քան Ադրբեջանը»,-  նշեց Ներսիսյանը:

Հարցին` շատ է խոսվում, որ «կորոնավիրուս» երևույթի արդյունքում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական փոփոխություններ, վերանայումներ են լինելու, որքանո՞վ դրանք կազդեն մեր տարածաշրջանի մարտահրավերների և կոնֆլիկտների վրա, ռազմական վերլուծաբանն ասաց, որ ինքը չի պատկանում այն մարդկանց թվին, որոնք կարծում են, թե աշխարհում իրավիճակը սրանից հետո կամ սրա արդյունքում մեծապես փոխվելու է: Իհարկե, սա կախված է նաև նրանից, թե որքան շուտ կավարտվի համաճարակային այս վիճակը. կան կանխատեսումներ, որ ամռանը մոտ այն կկայունանա:

«Ես կարծում եմ, որ կանցնի կես տարի, մեկ տարի, և մարդիկ կմոռանան դրա մասին, և ամեն ինչ կլինի աշխարհում այնպես, ինչպես եղել է մինչ այդ` սպառազինության մրցավազք և այլն: Այո, ես չեմ տեսնում նախադրյալներ այլ բանի, եթե միայն այն ավելի մեծ մասշտաբներ չընդգրկի, քան հիմա է: Նման բան դեռ հորիզոնում չի երևում»,- շեշտեց Լեոնիդ Ներսիսյանը:

Իսկ թե որքանով են իրատեսական պնդումները, թե «կորոնավիրուս» երևույթը մարդկությանը փրկեց համաշխարհային պատերազմից, ռազմական վերլուծաբանն ընդգծեց` համաշխարհային պատերազմի լինելուն չի հավատում, քանի որ կան օբյեկտիվ պատճառներ, որ նման բան լինել չի կարող:

«Առաջին պատճառը որոշ երկրների միջուկային զենք ունենալն է, առաջին հերթին`ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի: Այո, կային լոկալ կոնֆլիկտներ, որոնք հիմա մի փոքր լռեցվել են, բայց դրանք բարդ է համաշխարհային պատերազմ համարելը: Այլ հարց է, որ բավականին մեծ տնտեսական պատերազմ կար` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, բայց սա էլ դժվար է բառիս բուն իմաստով համաշխարհային պատերազմ որակել»,- նշեց նա:

Վերադառնալով առկա հակամարտությունների վրա համաճարակային ներկա իրավիճակի և դրա հետևանքների ազդեցության հարցին՝ Լեոնիդ Ներսիսյանն ակնարկեց, որ, եթե տնտեսական լուրջ խնդիրներ առաջանան, ապա մինչև իրավիճակի կարգավորումը երկրները մեծ մասշտաբով որոշակի ժամանակ սպառազինություն չեն գնի, բայց գլոբալ փոփոխություններ չպետք է սպասել, այդ թվում` ղարաբաղյան կոնֆլիկտը կմնա իր տեղում, և դրա հետ ոչինչ տեղի չի ունենա»:

Հակադարձմանը, որ դերերի և դերակատարների փոփոխությունն է հանգեցնում փոփոխությունների նաև հակամարտությունների խնդրում, ստացվում է, որ չսպասե՞լ փոփոխությունների, մեր զրուցակիցն ակնարկեց, թե պետք է նայել դերակատարների տնտեսություններին` ով ավելի շատ կտուժի համաճարակային այսօրվա իրավիճակում: Բնականաբար, ով շատ տուժեց, նա որոշակի առումով դիրքային կորուստ կունենա:

«ԱՄՆ-ը բնակչության վարակվածության ցուցանիշով լիդեր է դառնում` մոտ 200.000 մարդ, և եթե տնտեսական կորուստը մեծ լինի շատ` խոշոր կորպորացիաների սնանկացումներ, ապա դիրքային փոփոխություն կլինի, մյուս կողմից` եթե տնտեսական նման կորուստներ լինեն ՌԴ-ում, նա էլ պլյուսով դուրս չի գա: Այսինքն` հիմա շատ դժվար է կանխատեսումներ անելը դիրքային առումով, գուցե բոլորն էլ համաչափ տուժեն, այս դեպքում դերերի շատ ուժեղ փոփոխություն տեղի չի ունենա»,- ընդգծեց Լեոնիդ Ներսիսյանը:

Անդրադառնալով տեսակետներին, թե կորոնավիրուսը հորինված բան է կամ հատուկ է ստեղծված, ռազմական վերլուծաբանն ասաց, որ դավադրության նման տեսություններին չի հավատում, քանի որ արդեն վնասվել են խոշոր ուժային կենտրոնները, և չի երևում, թե ում կարող էր դա ձեռնտու լինել: Այսինքն` այս մոտեցումն աբսուրդային է: Ռազմական վերլուծաբանը հիմարություն է համարում նաև այն պնդումները, թե կորոնավիրուսը բացարձակ անվտանգ է, երբ տեսնում ենք՝ ինչպես են ծանրաբեռնված առողջապահական համակարգերը շատ երկրներում, քանի որ միանգամից մեծ թվով վարակակիրների թանկ բուժօգնություն է անհրաժեշտ լինում ցուցաբերել: Այլ հարց է, որ իրավիճակից օգտվելով՝ կարող են լինել քաղաքական ինչ-ինչ քայլեր տարբեր երկրների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել