Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների միջոցով դատավորների բարեվարքության ստուգումը հասարակության սպասելիքներն արդարացնելու առումով լուրջ արդյունք չի ապահովի, սակայն, այնուամենայնիվ, այն դատական համակարգում ինչ-որ դեր կխաղա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգեւ Օհանյանը։

Նա չի կարծում, որ այս նախաձեռնության միջոցով հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, բայց նշում է, որ որքան չափորոշիչները շատ լինեն, այնքան վստահությունն ավելի մեծ կլինի, որ տվյալ անձը համապատասխանում է դատավորի պաշտոնին։

«Վեթթինգ անցած դատավորները, ենթադրվում է, որ պետք է ավելի «դուխով» լինեն, քանի որ անցել են թեստն ու խնդիր չունեն։ Հուսանք, որ դա կօգտագործվի հօգուտ արդարադատության ու դատավորներն անկախ կլինեն, չեն վախենա։ Դատավորը վախկոտ չպետք է լինի, բայց, իհարկե, նաև պրոֆեսիոնալ պետք է լինի»,- ասաց Օհանյանը։

Նա չբացառեց, որ նախկինում եղել են ու հիմա էլ գուցե կլինեն դատավորներ, որոնք կչարաշահեն իրենց գործառույթները, ուստի վեթթինգի պրոցեսը երկար ժամանակ ու ճանապարհ ունի անցնելու։

«Հնարավոր է որոշ դատավորների մոտ ինքնավստահություն լինի, որ իրենց ոչինչ չի լինի ոչ օբյեկտիվ դատավճռի համար, այստեղ էլ ԲԴԽ-ն պետք է ցույց տա խստություն ու արդարամտություն։ Այսինքն դատավորը պետք է վախենա անարդար դատավճիռ կայացնելուց։ Բայց կա նաև հակառակ կողմը․ դատավորը հնարավոր է իրեն արդար չզգա, քանի որ ԲԴԽ-ի լիազորություններն ավելի են մեծացվել կարգապահական պատասխանատվության հարցում, այսինքն` յուրաքանչյուր դատավճռով կարելի է վարույթ հարուցել»,-ասաց նախկին դատավորը։
Նա ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ դատական համակարգում շատ բան չի փոխվի՝ վախեցող դատավորը կվախենա, «դուխովը»՝ կմնա դուխով, չարաշահողն էլի կչարաշահի։

Նշենք, որ կառավարության կողմից առաջարկվող իրավակարգավորմամբ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրելու է միայն 2017թ-ի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերը։ Մինչդեռ 2019 թվականի մայիսի 20-ին, երբ վարչապետի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը՝ հայտարարվեց, որ վեթթինգի պետք է ենթարկվի դատական համակարգը, իսկ հիմա խոսվում է միայն 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրերի ստուգման մասին։

Պարոն Օհանյանը կարծիք հայտնեց, որ, հավանաբար, իշխանությունների համար բարդ է դրանից առաջ ներկայացված հայտարարագրերն ստուգելը։

«Դատավորն, ասենք լավ տուն կամ այլ գույք ունի, ենթադրենք իր անունով չէ՝ հարազատների անունով է, պետք է հասկանան որտեղից է այն ու պատճառաբանություններ հնչեն, թե ծնողների տունն է, կամ էլ բարեկամների օգնությամբ է գնել։ Խորհրդային տարիներին ոչ ոք ոչ մի աչք ծակող բան ունենալ չէր կարող, իսկ հիմա բոլորն էլ մի քիչ ավել ,մի քիչ պակաս բնակարան ունեն ու մեքենաներ ունեն, պատկերացնու՞մ եք ուր կհասնենք եթե սկսենք դրամ-դրամ հիմնավորել, ապացուցել, թե ենթադրենք «Լեքսուս» մեքենան ինչպես ենք գնել։ Մամուլում պատմություն կար, որ դատավորը որպես նվիրատվություն է հայտարարագրել 150-ից ավելի հազար դոլար, ի՞նչ կա որ։ Ես հորիցս ժառանգություն բնակարան ունեի, որ տասներկուսից տասնչորս հազար էր, սակայն հետո հարյուր հազարից ավելի բարձրացավ գինը»,-ասաց նախկին դատավորը։

Ընդհանրապես դատավորների բարեվարքության ստուգումը Պ.Օհանյանը խնդրահարույց է համարում, ինքը չի պատկերացնում, թե ինչպես պետք է ստուգեն, ինչպես են ապացուցելու տվյալ խնդիրը, որպեսզի չխախտեն անմեղության կանխավարկածը։

Անդրադառնալով դատավորի՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքները ստուգելու մասին դրույթին, Օհանյանն ասաց, որ սա վիճելի ու դժվար իրականանալի հարց է, պարզ չէ, թե ինչպես է ստուգվելու դատավորի՝ քրեական ենթամշակույթին հարելը, միայն կարելի է ենթադրություններ անել։

«Հավանաբար կապերը պետք է ստուգվեն, չի բացառվում որ օգտագործվեն նաև տարբեր ինովացիոն տեխնոլոգիաներ, որ պարզեն արդյոք քրեական ենթամշակույթով ապրող անձի հետ շփում, կապ, բարեկամական, քավոր-սանիկական և այլ հարաբերութուններ ունի տվյալ անձը, թե ոչ։ Ենթադրենք նա բարեկամ է քրեական ենթամշակույթին հարող անձի հետ կամ էլ հարևան է, քավոր-սանիկ են, բայց դա ի՞նչ է նշանակում, հո պատիժ չէ՞, խարան չէ՞»,-ասաց նախկին դատավորն ու ավելացրեց, որ շատ բաներ կախված են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդարամտությունից ու օբյեկտիվությունից։

Սակայն այստեղ էլ այլ խնդիր է առաջանում․ հանձնաժողովը չունի անհրաժեշտ գործիքակազմ դատավորների բարեվարքությունը ստուգելու համար․

«Հարցերը շատ են և պարզ չէ հանձնաժողովն ինչպես պետք է աշխատի, հատկապես, որ հանձնաժողովում նախկին դատավորներ չեն, լուրջ պրոֆեսիոնալներ, նախկին օպերատիվ աշխատողներ չկան, ինչ-որ թեթև հանձնաժողով է»,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց «հանձնաժողովը պետք է գործիքակազմ մշակի, գուցե օրենքով փոփոխություն պետք է արվի։ Պարզ չէ»։

Նախկին դատավորն իր օրինակը վկայակոչելով ասաց, որ, ենթադրենք, ինքն ուզում է վերանշանակվել դատավորի պաշտոնում, ինչպես իմանա ինչի միջով պետք է անցնի, ինչ հարցեր են տալու իրեն ու ինչն են ստուգելու․ «Պետք է ժամանակ անցնի ու փորձ լինի, ինչու ոչ՝ պետք է փորձ ձեռք բերել նաև սխալների վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել