Իսրայելական «Հերցլիա՝ ի պաշտպանություն քաղաքացիների» ոչ առևտրային կազմակերպությունը 100 միլիարդ շեկելի (շուրջ 28 միլիարդ դոլար) հայց է ներկայացրել Թել Ավիվի շրջանային դատարան ընդդեմ Չինաստանի` կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների պատճառով:
Այս մասին տեղեկացնում է vesty.co.il պորտալը:

Փաստաբաններ Ամիթ Սաադիյան, Ամիթ Գամպելը և Շմուել Սաադիան, ներկայացնելով հայցը, հայտարարել են, որ այն ներկայացված է Իսրայելի բոլոր քաղաքացիների անունից, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակից և ինչը, իրենց կարծիքով, տեղի է ունեցել Չինաստանի իշխանությունների անպատասխանատվության հետևանքով:

«Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է Իսրայելի պատմության ամենամեծ ճգնաժամերից մեկին: Փլուզվել է տուրիզմի, ավիափոխադրողների, զվարճանքների և հանրային սննդի արդյունաբերությունը: Հարյուրհազարավոր ձեռնարկատերեր մնացել են առանց եկամտի և սնանկանալու շեմին են: Փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Գործազուրկների թիվը մոտենում է 1 միլիոնի: Հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց առողջությունը, տասնյակները մահացել են»,- ասված է հայցադիմումի մեջ:

Հայցադիմումի մեջ նշվում է նաև, որ Չինաստանի իշխանություններն ուղղակիորեն պատասխանատու են համավարակի համար՝ անկախ նրանից, թե ինչպիսին է դրա աղբյուրը: Այն դեպքում, երբ, ինչպես տեղեկացվում էր, աղբյուրը մսի շուկայից է եղել, նշանակում է, որ առևտուրը տեղի է ունեցել առանց անհրաժեշտ վերահսկման և ռիսկի է ենթարկել մարդկանց կյանքը: Եթե հավատանք նրան, որ վիրուսն արհեստածին է (մամուլում վարկած էր տարածվել, որ վիրուսը, հնարավոր է, դուրս եկած լինի Ուհանի գաղտնի լաբորատորիայից, որտեղ փորձեր են արվում չղջիկների վրա), ապա այս դեպքում Չինաստանի իշխանությունների պատասխանատվությունն «անվիճելի է»:

Հայցադիմումը ներկայացնողները կարծում են, որ Իսրայելի կառավարությունը պետք է խիզախությամբ լցվի և աջակցի իրենց պահանջներին: Նրանք խորհուրդ են տվել կառավարությանը գործել ԱՄՆ-ի պես, որտեղ նմանատիպ հայց Չինաստանի դեմ ներկայացրել էր Freedom Watch ընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել