Աննա Ասլանը բժշկական գիտությունների դոկտոր է, Գերոնտոլոգների ռումինական համայնքի նախագահը, Կիրառական բժշկական հետազոտությունների եվրոպական կենտրոնի պատվավոր անդամ, Ռումինիայի գիտությունների ակադեմիայի անդամ, ինչպես նաև Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ: Նա ուսումնասիրությունների արդյունքում ստեղծել է դեղամիջոց, որն ունակ է կանխելու ծերացումը և երկարեցնելու կյանքի տևողությունը:

Աննա Ասլանը ծնվել է 1897 թ. Ռումինիայի Բրեիլա քաղաքում՝ հայ Մկրտիչ Ասլանի և ռումինացի Սոֆյա Պրունկուլի ընտանիքում: Բժշկական կրթություն ստանալով տեղի համալսարանում՝ Աննան սկսել է ղեկավարել Բուխարեստի էնդոկրինոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիական կլինիկան, իսկ 1951 թ. հիմնել է Եվրոպայում միակը հանդիսացող գերոնտոլոգիայի ինստիտուտը: Չորս տարվա ընթացքում Ասլանն ուսումնասիրել է ռումինացի բժիշկ Կոնստանտին Պարխոնի տեսությունը, համաձայն որի՝ ծերությունը հիվանդություն է, որը հնարավոր է բուժել և անգամ կանխել: Ոգևորվելով ակադեմիկոսի այդ գաղափարից՝ նա որոշել է այնպիսի դեղամիջոց ստեղծել, որը ոչ միայն կկանխի ծերացումը, այլև կերկարացնի այն ընդունողի կյանքը:

1955 թ. նովոկաինի հիմքով Աննան ստեղծում է «Գերովիտալ ՆԶ» դեղամիջոցը, որն ունակ էր բարելավվելու մարդու օրգանիզմի աշխատանքը: Ի սկզբանե Ասլանն այն փորձարկում էր կենդանիների վրա, ապա նաև՝ տարեց մարդկանց:

Դեղամիջոցն օգտագործելուց հետո որոշ ժամանակ անց այն ընդունած տարեց մարդիկ իրենց համեմատաբար շատ ավելի լավ էին զգում. աճում էին նրանց մազերը, բուժվում էին սրտային և նյարդային հիվանդությունները, վերանում էին դիաբետն ու հոդացավերը:

Նման հաջողությունից հետո՝ 1959 թ., Ասլանը սկսում է գլխավորել Ռումինիայի գերոնտոլոգների ասոցացիան: Այնուհետև նրան հրավիրում են մասնակցելու կոնգրեսի, որը պետք է անցկացվեր գերմանական Կարլսրեու քաղաքում. այնտեղ Աննան պետք է ներկայացներ իր ստեղծած դեղամիջոցը:

Կոնգրեսի ժամանակ ներկայացվելուց հետո «Գերովիտալ ՆԶ» դեղամիջոցը ճանաչում ստացավ ողջ աշխարհում: Այն սկսեցին թողարկել դեղահաբերի, քսուքների ու ամպուլաների տեսքով: Աննան ստեղծեց նաև մեկ այլ դեղամիջոց՝ «Ասլավիտալը», որը նախատեսված էր մանկական թուլամտությունը բուժելու համար: Դեղամիջոցների անալոգներ ի հայտ եկան աշխարհի ավելի քան 70 երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում:

Հաջողություններ գրանցելուց հետո Աննան սկսեց գիտական աշխատություններ գրել, որոնք թարգմանվեցին բազմաթիվ լեզուներով: 1988 թ. 91 տարեկան հասակում Աննա Ասլանը մահացավ տեղի պոլիկլինիկայում:

Այսօր Բուխարեստում գործում է գերոնտոլոգիական ինստիտուտ, որտեղ օգնություն են ցույց տալիս տարեց մարդկանց և նրանց տրամադրում են «երիտասարդության դեղամիջոցներ»: Այն մարդկանց թվին, որոնց օգնել են Ասլանի դեղամիջոցները, դասվում են շատ հայտնիներ՝ Շառլ դը Գոլը, Նիկիտա Խրուշչովը, Կոնրադ Ադենաուերը, Չարլի Չապլինը, Ինդիրա Գանդին, Սալվադոր Դալին, Քըրք Դուգլասը, Բրոզ Տիտոն, Լիլիան Գիշը, Էլիզաբեթ Թեյլորը, Հո Շի Մինը և այլք:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել