Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տարբեր երկրների արձագանքը բավականին շատ մտածելու տեղիք է տալիս: Այնպիսի երկրներն, ինչպիսիք են Ռումինիան, Մոլդովան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Գերմանիան, Վրաստանը, Կանադան, հայտարարություն տարածեցին, որում նշված է, որ վերջիններս ոչ միայն չեն ճանաչում Արցախում կայացած ընտրությունները, այլ իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Առաջին իսկ հայացքից միանգամայն պարզ է դառնում, որ ադրբեջանական խավիարային դիվանագիտությունը բավականին «լավ» է աշխատել այս տեքստերն այս կոնտեքստով ստանալու հարցում:

Իսկ թե ինչ են արել մեր իշխանություններն այդ ուղղությամբ, միանգամայն հասկանալի է, որ ոչինչ: Վերջիններիս կողմից ի պատասխան՝ այս երկրների անգամ ոչ մի հայտարարություն առ այսօր չի հնչել: Միջազգային տերմիններ են հավանաբար փնտրում, դեռ չեն գտնում…

Առաջինը՝ եթե հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ մենք բավականին մեծ առաջընթաց ենք արձանագրելու եվրոպական երկրների հետ հարաբերություններում (թերևս այդպես էին պնդում մեր իշխանությունները), ապա ներկայումս ականտես ենք դառնում միանգամայն այլ արդյունքների:

Երկրորդ՝ բավականին ուշագրավ վիճակ ունենք նաև Վրաստանի ու Կանադայի հարցում: Փաշինյանը բազմիցս է նշել, թե ինչ մտերիմ հարաբերություններ ունի երկու երկրների վարչապետերի հետ՝ ընդհուպ մինչև նրանց իր մտերիմ ընկերներ որակելով։ Հիմա գոնե հասկանո՞ւմ է, որ նրանց նվերներ տալով կամ նրանցից նվերներ ստանալով, բաժակաճառեր ասելով, մարդկանց հայկական երաժշտության ներքո պարեցնելով չեն քաղաքական հարցերը լուծվում, թե՞ դեռ չի հասկանում։

Արտաքին քաղաքական հարցերում հաջողություն գրանցելու համար պետք է լինես հմուտ դիվանագետ և ոչ թե խնջույքներ կազմակերպելու սիրահար..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել