Factor.am-ը գրում է․

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված գանձապետական հաշվեհամարին, ապրիլի 1-ի դրությամբ, փոխանցվել է 822 մլն դրամ (ռեպորտաժը պատրաստ էր հրապարակման, երբ պարետատնից հայտնեցին, որ գումարն այսօր դարձել է 856 մլն դրամ): Այս մասին հայտնում են պարետատնից: Սա համարժեք է 1.6 միլիոն դոլարի:

Գումարի տնօրինողն Առողջապահության նախարարությունն է: Կառույցը նվիրատուների անվանական ցանկը չի հրապարակում: Factor TV-ն փորձել է պարզել, թե մեծահարուստ գործարարները որքան գումար են փոխանցել գանձապետական հաշվեհամարին:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը 6-րդ գումարման ԱԺ-ում ունեցել է 9.1 միլիարդ դրամ, իսկ 7-րդ գումարման խորհրդարանի գործունեության մեկնարկին զուգահեռ՝ 10 անգամ հարստացել է և հայտարարարագրել 99 միլիարդ դրամ, կորոնավիրուսի դեմ պայքարի համար փոխանցել է 60 մլն դրամ:

«Քանի որ հիվանդների 90 տոկոսը «Նորք» ինֆեկցիոնում է, Նորքին 35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, 10 մլն էլ՝ որպես պարգևատրում այդ հիվանդանոցի բուժաշխատողների համար, որ առավոտից երեկո աշխատում են: Գյումրիի հիվանդանոցին ևս գումար է փոխանցվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Գյումրիին փոխանցել է 10 մլն դրամ՝ հիվանդների համար և 5 մլն դրամ՝ բուժաշխատողների համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա:

Օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որի ընտանիքին է պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, Երևանի ամենախոշոր առևտրի կենտրոնը՝ Մեգամոլը, «Ալեքս տեքստիլ» ընկերությունը՝ իր ֆիրմային խանութներով, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը, ինչպես նաև գերիշխող դիրք՝ որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման հարցում, կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրին փոխանցել է ընդամենը 20 միլիոն դրամ:

Ռուսաստաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, ևս 50 մլն դրամ էլ՝ Կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

«Գրանդ Հոլդինգը», որի մաս կազմող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի, 2019 թվականի ամենախոշոր հարկատուն է եղել, կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին փոխանցել է 100 միլիոն ՀՀ դրամ:

Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարևանությամբ ակտիվ շինարարության մեկնարկ տված Սուքիասյանների ընտանիքը նվիրաբերել է 50 միլիոն դրամ գումար:

Այնուհանդերձ, Հայաստանում կան գործարարներ, որոնք կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված գանձապետական հաշվեհամարին գումար փոխանցելու մասին հարցը լսելուց հետո՝ հեռախոսն ընդհատում են:

Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, Սերժ Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանը Factor TV-ի հետ զրույցում լսելով հարցը՝ հայտարարեց, որ ինքը Բարսեղ Բեգլարյանը չէ և ընդհատեց հեռախոսը:

«Երևանի գարեջուր» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ հարցը լսելուց հետո հայտարարեց, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում և ընդհատեց զանգը: Նմանատիպ պատասխան տվեց նաև գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ, անազատության մեջ գտնվող Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» խմբի ընկերություններից ոչ մեկն առայժմ որևէ գումար չի հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: Այս մասին փոխանցեցին ընկերությունից՝ նշելով, որ խմբի մաս կազմող ընկերություններից մեկը քննարկում է տարբերակներ՝ հեռավար կրթության համար անապահով ընտանիքների երեխաներին համակարգչով ապահովելու համար:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Գրիգորյանն էլ՝ հայտնի «Ավշարի Արայիկ» անունով, Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ հաշվեհամարին գումար չի փոխանցել, բայց Արարատի շրջանի անապահով ընտանիքներին սպիրտ է բաժանել:

Գանձապետական հաշվեհամարին կատարվող փոխանցումներին զուգահեռ՝ քննարկվում է նաև հարցը, թե ինչո՞ւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի համար ստացած 205 մլն 560 հազար դրամ նվիրատվությունը կամ դրա մի մասը չի փոխանցում կորոնավիրուսի կանխարգելմանը: Կուսակցությունից Factor TV-ն փոխանցեցին, որ Կուսակցություների մասին օրենքն արգելում է կուսակցություններին զբաղվել բարեգործությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել