Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաքրքիր բացահայտումներ արեցին։

Բոլորս էլ գիտենք` Արցախում տեղի ունեցող համապետական ամեն ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն և նրան երկրպագողները հանդես են գալիս այդ ընտրությունները քննադատող և դրանց արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններով։ Զարմանալիորեն այս անգամ բավական ակտիվ հակահայկական զառանցանքներով հանդես եկան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ընկերների» կողմից ղեկավարվող Ուկրաինան, Կանադան և Վրաստանը, որոնց ԱԳՆ-ները բավականին կոշտ հայտարարություններ արեցին։

Վերը նշված երկրների ԱԳՆ-ներն իրենց հայտարարություններում ոչ միայն չեն ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները, այլև բարբաջում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ո՞ւր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները, որոնք Ջասթին Թրյուդոյին նվիրեց նույն Փաշինյանը։ Ո՞ւր կորան Փաշինյանի և Գախարիայի եղբայրությունը և Նիկոլի ու Զելենսկու համակրանքը միմյանց նկատմամբ։

Թբիլիսիի, Օտտավայի և Կիևի հակահայկական հռետորաբանությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի աշխատում։ Այս եռյակից, մեր ԱԳՆ-ի աշխատանքի դեպքում, գոնե Կանադան և Վրաստանը պետք է որ որևէ հայտարարությամբ հանդես չգային։

Բայց ոչ, մինչ պարոն Փաշինյանի կառավարությունը զբաղված է ներքին խնդիրներով և հերթական շոուները կյանքի կոչելով` Ադրբեջանը շարունակում է հմտորեն օգտագործել նավթախավիարային դիվանագիտությունը և «ճշգրիտ» հարվածներով Երևանին հասկացնել, որ Թրյուդոն, Գախարիան և Զելենսկին ավելի շատ Բաքվի, քան Փաշինյանի ընկերներն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել