Tert.am-ը գրում է.

Այս պահի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 3036 մարդ, կա մոտ 47 հազար 600 վարակակիր. զարգացած եվրոպական երկրները տարածման և մահացության թվով անհամեմատ առաջ են անցել Իրանից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման տվյալներ է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

«Իրանում հիվանդացության տարածման առումով որոշակի կայունացման և մեղմացման միտումներ են նկատվում: Ամեն դեպքում, զգուշավորության և ապահովության մասին դեռևս չպետք է մոռանանք: Հիմա այստեղ Նովրուզի օրերն են, և թվում էր, թե տեղաշարժն ամբողջությամբ կդադարի, բայց հասարակության մի մասն ականջալուր չեղավ կոչերին, բազմաթիվ ընտանիքներ գնացին, օրինակ, ծովափնյա շրջաններ, և դա նկատի ունենալով՝ մասնագետները համաճարակի երկրորդ ալիք են կանխատեսում»,- ասել է դեսպանը:

Ըստ Թումանյանի՝ Իրանում սկզբնական կանխարգելմամբ չեն զբաղվել, հիվանդացության շղթաներ չեն կազմել և նրանց չեն տեղորոշել. «Այս աղետը վրա հասավ այն պահին, երբ Իրանը դաժանագույն պատժամիջոցների տակ էր: Կառավարությունը մինչ այս էլ ֆինանսական լուրջ խնդիրների մեջ էր: Այստեղ նույնիսկ սոցիալական փոխհատուցումների մասին չի խոսվում, ինչպես Հայաստանում»:

Դեսպանի կարծիքով՝ հայ-իրանական օդային և ցամաքային սահմանները փակելը հեշտ որոշում չի եղել, դա արվել է Իրանում առաջին վարակակրին հայտնաբերելուց հինգ օր հետո. «Իրանի հարևան երկրներից մենք առաջինն էինք, որ փակեցինք երկու սահմանները: Իրանական որոշ շրջանակների կողմից մենք քննադատվեցինք, հարցն ընկալվում էր առավելապես բարոյական հարթության մեջ: Սահմանի փակման որոշումը կայացվեց ճիշտ ժամանակին: Սահմանը փակվեց, բայց ՀՀ քաղաքացիները շարունակեցին Իրանից վերադառնալ Հայաստան, այդկերպ մոտ 800 հոգի է վերադարձել: Հայտնի չէ որևէ դեպք, որ նրանց կողմից վարակի անվերահսկելի տարածում լիներ, երկու դեպք է եղել, երկուսն էլ ավարտվել են, շղթան չի շարունակվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել