Tert.am-ը գրում է.

Նավթի համաշխարհային գների անկումն ուղղակիորեն կորելացնել Ռուսաստանից ներկրվող բնական գազի գնի համաշխարհային կոնյուկտուրայի հետ, նշանակում է՝ առնվազն պատկերացում չունենալ, թե ինչ բան է Ռուսաստանի էներգետիկ, մասնավորապես, գազատրանսպորտային համակարգը։ Ելնելով Ռուսաստանի ներկայիս վարքագծից՝ չեմ կարծում, որ Հայաստանի սահմանին գազի գնի վերանայում կլինի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը:

«Այո, քանի որ գազը չի ձևավորվել որպես վերնջնականապես ինքնուրույն շուկա, դրանք կորելացվում են նավթի գների հետ, բայց Ռուսաստանը կարողացել է, այնուամենայնիվ, տարանջատել դրանք, և այսօրվա դրությամբ նավթի գինն այլևս չի անդրադառնում ՌԴ-ում արդյունահանվող և արտահանվող գազի գնի վրա։ Եթե մեր Կառավարության դերակատարներն ուշադիր ուսումնասիրեին ՌԴ էներգետիկ քաղաքականության առանձնահատկությունները, ապա պետք է նկատած լինեին, որ վերջին տարիներին ՌԴ-ն կարողացել է իր էներգետիկ զարգացման մեջ հասնել մի այնպիսի կետի, երբ նավթի շուկայում առկա գնային տատանումները, այլևս չեն անդրադառնում գազի գնի վրա»,- նշեց փորձագետը։

Վահե Դավթյանի խոսքով՝ այսօրվա համաշխարհային էներգետիկ միտումներն այնպիսին են, որ նավթի գների տատանումներն առավելապես ազդում են հեղուկ գազի վրա։

«Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով փոխնախարարը հայտարարեց, որ Եվրոպայում այս ամենի արդյունքում գնանկում է տեղի ունեցել։ Եվրոպան պետք է բաժանել 2 սեգմենտի՝ խողովակաշարային գազ, որն այդքան էլ կախված չէ նավթի գներից, և հեղուկ գազն է, որը կախված է։ Այստեղ միանշանական մոտեցում լինել չի կարող»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին գազի գինը Հայաստանի սահմանին նվազեցնելու համար։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Բելառուսի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում կրկին քննարկվել էր ներմուծվող գազի գնի հարցը։ Կողմերը նշել էին, որ այն բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին։

Նիկոլ Փաշինյանի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ գազի հարցով հեռախոսազրույց ունենալու նախաձեռնությունը, Վահե Դավթյանի կարծիքով՝ առնվազն չհաշվարկված քայլ էր։ Ըստ նրա՝ Մինսկի և Երևանի միջև գազային հարցերի քննարկումը տրամաբանական և օրինաչափ կլիներ, եթե այն տեղավորվեր ԵԱՏՄ համատեքստում։

«Որպես այս գործընթացի երրորդ կողմ ներգրավել մի պետության, որը ևս կարող է օբյեկտիվորեն դժգոհել ռուսական գազի գնից, կարծում եմ, ինչ-որ իմաստով բանակցային մարտավարության սխալ է, լուրջ բացթողում։ Վերջին մեկ տարվա ընթացքում իշխանությունները հայտարարում են, որ բավականին լարված բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ գազի գնագոյացման հարցում և այն, որ Փաշինյանը զանգում է 3-րդ կողմին և նրանք համատեղ հայտարարում են, որ ռուսական գազի գինը չի համապատասխանում միջազգային միտումներին, վկայում է գազային բանակցություններում առկա ճգնաժամի մասին, այն, որ այդ բանակցային գործընթացը մտել է փակուղի կամ գուցե շատ պասիվ տեմպերով էր իրականացվում, զուտ սիմվոլիկ բնույթ է կրել և չի տվել որևիցե էական արդյունք»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել