168.am-ը գրում է․

«Երբ Հայաստանում կարանտին հայտարարեցին, հասարակության շրջանում ինքս խուճապ չեմ նկատել, փոխարենը՝ տեսել եմ, թե ինչպես են մարդիկ զգաստացել: Գուցե սրա պատճառն այն է, որ կարանտինին վաղուց էին սպասում, քանի որ մարդկանց մոտ վտանգի զգացում կար, ուստի հստակ ընդունեցին և ընկալեցին կարանտինի անհրաժեշտությունը»,- այս մասին 168.am-ի հետ զույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` անդրադառնալով  հայտարարված կարանտինի ժամանակ մարդկանց դրսևորած վարքագծին:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ, երբ հայտարարվեց 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը, խուճապի ռիսկեր կային, որը հաջողվեց կառավարելի դարձնել, չնայած այժմ էլ ընկնելու են մեկ այլ ծայրահեղության մեջ, որ այս ամենին շատ հանգիստ են վերաբերվում: «Երեկ ես մի քանի ռեպորտաժներ էի նայում բակերում զբոսնող հայրենակիցների վերաբերյալ, որտեղ մարդիկ այն համոզումն էին արտահայտում, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի, ես շատ կուզեի կիսել այդ լավատեսությունը, սակայն իրականությունն այդպիսին չէ: Եթե այս իրավիճակում քայլեր չձեռնարկենք, ապա կորոնավիրուսը շատ արագ կհասնի մեզ, չնայած կա վարկած, որը շրջանառվում է միջազգային մամուլում, որ, այսպես թե այնպես, կորոնավիրուսով շատ-շատերս ենք վարակվելու, եթե ոչ՝ բոլորս»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Հոգեբանի խոսքով՝ մինչև Հայաստանում կարանտինի հայտարարելը, շատ երկրներում մարդիկ արդեն գտնվում էին կարանտինում, և հայ հասարակությունը քաջ գիտակցում էր, որ այն իր անվտանգության ապահովման միջոցառումներից մեկն է:

Ըստ նրա՝ մարդը որտեղ ու ինչ պայմաններում էլ հայտնվի` ունի ադապտիվ՝ հարմարվողական շատ հնարավորություններ, չնայած կան անհատական տարբերություններ, մարդիկ կան, ավելի ադապտիվ են փոփոխվող իրավիճակներին, մարդ էլ կա՝ ավելի դժվար է հարմարվում:

«Կոնկրետ կարանտինի ռեժիմում մարդկանց ադապտիվ հնարավորությունները սկսեցին աշխատել, մեկ-երկու օր մարդիկ շատ ակտիվ առևտրի մեջ էին, բայց ոչ խուճապային, բայց այստեղ էլ ռացիոնալ գործոն եմ տեսնում, եթե մարդը պետք է տանից դուրս չգա, պարզ է, չէ՞, որ մի քանի օրերի համար պետք է ապրանք գնի: Մարդիկ հարմարվում են, բայց փակ տարածությունը և գործունեության միանգամից կանգ առնելը մարդու համար դժվար է դառնում, քանի որ մարդը սիրում է որևէ բան անել, արդյունք տեսնել, նպատակներ դնել ու դրանց հետևից գնալ, ուստի կարանտինի պայմաններում այս ամենը խախտվում է:

Հնարավոր է, որ կարանտինի առաջին երկու օրերի ընթացքում դրական ապրում ունենային, որ, օրինակ՝ աշխատանքի գնալուց հոգնել էին, ու սա իրենց հնարավորություն կտար հանգստանալու, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, և այլն: Բայց այստեղ գալիս է երկրորդ հարցը, որ, եթե այդպես փակվում են տանը ու չեն աշխատում, ինչպե՞ս են ապրելու: Այսինքն՝ սկզբնական շրջանում ադապտիվ հնարավորություններն աշխատում են, բայց հետո գալիս է մի պահ, երբ մարդիկ այլևս չեն համբերում, թե երբ են տանից դուրս գալու: Հիմա, երբ 10  օրով երկարացվեց կարանտինի ռեժիմը, տեսնում եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում, բայց բոլոր դեպքերում կյանքը դուրս է եկել իր սովորական հունից, և այդպես մարդը չի կարող երկար դիմանալ»,- շեշտեց հոգեբանը:

Նա նաև ընդգծեց, որ կան որոշակի օրինաչափություններ, երբ փակ տարածության մեջ, տանը մարդկային շփումներն ավելի բարդ են դառնում, երբ փոքր տարածության մեջ շատ մարդիկ կան, մարդն ագրեսիվ է դառնում, նրանք սկսում են իրար դժվար հանդուրժել, ուստի հնարավոր է՝ այս պայմաններում ներընտանեկան կոնֆլիկտները հաճախակի դառնան ու շատանան:

«Այս օրերին կրթության բնագավառի մարդիկ ավելի ծանրաբեռնված են աշխատում, քան, երբ գտնվում էին կարանտինից դուրս: Չեմ կարող շնորհակալություն չհայտնել բուժաշխատողներին, այնուհետև՝ մանկավարժներին, քանի որ շատ դժվար է մտնել նոր համակարգի մեջ, հեռավար ձևով: Այսինքն՝ ես տեսնում եմ մարդկանց մեծ պատասխանատվությունը կրթության նկատմամբ՝ թե՛ մանկավարժների, թե՛ սովորողների կողմից: Այդուհանդերձ, այսպիսի պայմաններում երկար մնալը կարող է մարդուն հյուծել, բայց ի՞նչ կարող են անել, պետք է համակերպվեն, քանի որ վտանգ կա, որն ամբողջ աշխարհին է տիրել»,- ընդգծեց Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանի բնորոշմամբ՝ դժվար է ասել կոնկրետ ժամկետ ու նշել, որ այդ ժամկետում մեկուսացման մեջ գտնվող մարդը կարող է դուրս գալ հոգեբանական խնդիրներով կամ առանց դրանց, սակայն հստակ է մեկ բան, որքան մարդը չզբաղվի որևէ բան արարելով ու ստեղծելով, այնքան ներքուստ կարող է ենթարկվել դեգրադացիայի:

«Մարդիկ այսօր տանը նստած առողջ ապրելակերպ չեն վարում, սա երկար չի կարող տևել, մարդիկ այս պարագայում պարզապես պետք է իշխանությունների կողմից հոգատարություն տեսնեն, ճիշտ վերաբերմունք, որպեսզի հասկանան, որ իշխանություններն իրենց մասին մտածում են: Բոլոր դեպքերում սա երկար չի կարող տևել, մարդիկ հոգեբանորեն հյուծվածության մեջ կընկնեն, ինչն էլ, փաստորեն, դառնում է երկարատև քրոնիկական սթրեսային վիճակ»,- նշեց նա:

Այս իրավիճակում, որպեսզի մարդը չբախվի մեծ հոգեբանական խնդիրների, Կարինե Նալչաջյանը խորհուրդ տվեց հնարավորինս կյանքը լցնել նպատակային գործերով, որևէ օգտակար բան կատարել:
«Մենք անընդհատ դրսում ենք, ու զբաղված լինելով՝ շատ հաճախ մտածել ենք, թե՝ այ, որ ժամանակ ունենայի, այս կամ այն բանը կանեի, սկսած տնային ինչ-որ գործերից՝ մինչև որևէ կարևոր գործ, որը կարելի է անել նաև տանը նստած: Այսինքն՝ կյանքը լցնել որոշակի նպատակ հետապնդող և օգտակար գործերով: Օրինակ՝ երեխաների հետ կարելի է ավելի շատ զբաղվել, քան սովորական օրերին, երբ դա հնարավոր էր աշխատանքի գնալու և գալու հետ միասին: Այլ բան ես չեմ կարող ասել, որովհետև այս ոչ դինամիկ կյանքը մարդուն դեգրադացնում է, և այդպես ապրելը դժվար է»,- եզրափակեց հոգեբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել