«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեից որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն ասաց, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից հետո իրենք աշխատում են գերծանրաբեռնված, ախտահանում են ՀՀ-ում առկա բոլոր ավտոկանգառները` մոտ 330-ը Երևանում, նույն քանակի էլ տարբեր մարզերում:

Նախարարը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, ցավոք, ԱԻՆ-ի փրկարար ծառայության երկու աշխատակից վարակվել են վիրուսով, այժմ բուժվում են, իսկ իրենց շրջապատի մարդիկ մեկուսացվել են: «Մենք արդեն ունենք երկու դեպք վարակված, ունենք մեկուսացվածներ: Մեկուսացրել ենք մեր հինգերորդ՝ Արաբկիրի ջոկատը, այնտեղից 11 հոգու մենք մեր ուժերով ենք մեկուսացրել, մեր բժիշկներն են հսկողության տակ պահում: Աշխատում ենք, որպեսզի հերթափոխերն այնպես կազմակերպենք, որպեսզի մի հերթափոխը մյուսին չհանդիպի, այսինքն՝ մի հերթափոխը դուրս է գալիս, ախտահանում է իրականացվում ջոկատում, որից հետո նոր խումբը մուտք է գործում»,- ասաց նախարարը: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անում են դեպքերը կանխելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել