168.am-ը գրում է.

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները մարտի 31-ին Շիրակի մարզպետարանին հանձնեցին իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։

Շուրջ 150 դիմավահանները մարզպետարանի որոշմամբ կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։

«Արմաթի հետ մեր պայմանավորվածությունն օպերատիվ և արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է, մեզ համար շատ ուրախալի է, որ տեղում մեր թիմերը, կոլեկտիվներն արձագանքում են ու փորձում են կարիքները հաշվի առնելով աջակցել։ Առավել ուրախալի է, որ Արմաթը միջազգային չափանիշներին համապատասխան դիմավահաններ է պատրաստում։

Այսպիսի վահաններ աշխարհում արտադրում են եռաչափ տպիչներով, քանի որ այս պարագայում չի պահանջվում հոսքագիծ և աշխատակիցների ներկայություն աշխատավայրում»,- նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների առողջության անվտանգությունը որոշում կայացվեց աշխատանքներում երեխաների չընդգրկել։ Սարքերը բաժանվել են խմբավարների միջև ու ձեռնոցների, պաշտպանիչ դիմակների կիրառմամբ և սանիտարական բոլոր կանոններին համապատասխան սկսել ենք դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը», – տեղեկացրեց «Արմաթ»-ի Շիրակի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին աջակցություն է հայտնել նաև ֆեյսբուքյան «Գյումրեցի կանայք» խումբը։ Խմբի անդամների հանգանակությամբ ձեռքբերված ձեռնոցները, դիմակներն ու ախտահանիչ նյութերը հանձնվել են հիվանդանոցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել