168.am-ը գրում է․

ԱԺ-ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում հավաքագրել ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական տվյալները, տեղաշարժը հատուկ հարթակում, դրանով իսկ   հնարավորություն է ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին, ինչն ըստ նախագծերի հեղինակների՝  հնարավորություն կստեղծվի իրականացնել կորոնավիրուսի վարակակիրների քանակի հստակեցում։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի մեկնաբանությամբ  որոշ հարցեր են առաջանում:

Ըստ մեդիափորձագետի՝ հիմնական հարցն առաջարկվող նախագծի համաչափությունն է:

«Հասկանալի է, որ կարող է ինչ-որ մի ծայրահեղ իրավիճակ լինի, որ բանակ մտցվի, ռազմական դրություն հայտարարվի: Ամեն ինչ հնարավոր է, բայց պահից ելնելով՝ եկեք հասկանանք, որ կան դրույթներ, որոնք առաջացնում են հարցեր: Օրինակ, հեռախոսազանգերի մետատվյալները, այսինքն, բովանդակությունը չի ձայնագրվում, բայց ֆիքսվում է, թե ով է ում զանգել, երբ, որ ժամին: Իհարկե, ինչ-որ պատճառաբանումներ կան, որ իբր դա թույլ կտա հիվանդի շրջապատը պարզելու, բայց կարծում եմ՝ դա մի կողմից շատ չաշխատող գործիք է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ հեռախոսազանգերի մետատվյալներն ունենալու գործիքը կարող է նաև այլ նպատակով կիրառվելու հնարավորություններ առաջացնել, օրինակ, կիրառվել ընդդիմադիրներին վերահսկելու համար:

«Այսինքն, ինքը չի ստեղծում լուրջ գործիքակազմ՝ կարանտինի հետ կապված, բայց առաջացնում է հնարավոր չարաշահումների տիրույթ: Կարանտինի դեպքում այն հարցը չի լուծում: Բայց եթե ինձ՝ որպես ուժային կառույց, հետաքրքիր է իմանալ, թե որ ընդդիմադիր փաստաբանն ում հետ է շփվում, նույնիսկ բովանդակությունը չիմանալով՝ կարելի է քաղաքական տեսանկյունից ինչ-որ եզրակացություններ անել, ինչ-որ ակտիվիստների, բնապահպանների վերահսկելու հարցում կարող է օգտագործվել: Այլ հարցեր կարող են առաջանալ, որոնք կապ չունեն կարանտինի հետ, բայց ստեղծում են գործիքակազմ ուժային կառույցների համար՝ չստեղծելով լուրջ, համաչափ գործիք կարանտինի տեսանկյունից»,- ասաց մեդիափորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի առանձնացրած մյուս հարցը վերաբերում է տեղաշարժի վերահսկմանը, որն այսօր, ինչպես փորձագետն է նշում, կիրառվում է շատ երկրներում՝ առանց անձնավորումների:

«Ապաանձնավորված դիտարկում են մարդկանց տեղաշարժը՝ օգտվելով բջջային օպերատորների տվյալներից (օպերատորն անընդհատ գիտի, թե մենք որտեղ ենք), բայց դա դիտարկում են ոչ թե՝ կոնկրետ անձի հետևելու համար, այլ՝ շարժը նայելու համար, որպեսզի գնահատեն, թե որքանով է աշխատում կարանտինը: Մի շարք ժողովրդավարական երկրներում դա արդեն կիրառվում է»,- ասաց փորձագետը:

Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ տեղաշարժի վերահսկումն այլ արդյունք կունենա, եթե  պետությունը սկսի կիրառել անհատականացված,  այդ դեպքում պետք է հասկանալ, թե որքանով է դա անհրաժեշտ, եթե անձը, օրինակ, հիվանդ չէ, չի հրաժարվել մնալ տանը կամ տեղեկացնել, թե ում հետ է շփվում:

«Բայց այստեղ առաջանում է 3-րդ կարևոր հարցը՝ ո՞վ է վերահսկելու, որպեսզի այս տվյալները ճիշտ օգտագործվեն և հետագայում էլ իսկապես ոչնչացվեն: Եվ, կարծում եմ, մենք էլի գալիս ենք այն հարցին, որը միշտ կար՝ մինչև կորոնավիրուսն էլ։ Դա ուժային կառույցների գաղտնի գործողությունների նկատմամբ հանրային վերահսկողության բացակայությունն է»,- նշեց փորձագետը:

Անդրադառնալով այլ երկրների կիրառած  նման սահմանափակումներին կամ այսօրինակ  նախագծեր կիրառելու փորձին՝ Սամվել Մարտիրոսյանը հիշատակեց Չինաստանի օրինակը, որը «շատ հիանալի, բարդ և լուրջ համակարգ ունի, որով վերահսկում է բոլոր քաղաքացիներին, և դա՝ անկախ կարանտինից»: Նման համակարգ կա նաև ՌԴ-ում: Հենց Մոսկվայում կա դեմքի ճանաչման համակարգ, որով բոլորի տեղաշարժը ֆիքսվում էր մինչև կարանտինը: Սրանում մեդիափորձագետն ամենից շատը կարևորում է երկրի տեխնիկական զարգացումն ու այն իրողությունը, թե որքանով են այդ երկրում կարևորում քաղաքացիական ազատությունները:

Իսկ արդյո՞ք նախագծի ընդունումից հետո Հայաստանի ողջ տարածքում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար առկա են տեխնիկական հնարավորություններ: 168.am-ի հարցին ի պատասխան՝ մեդիափորձագետն ասաց.

«Համոզված չեմ, ավելին ասեմ, ես այդքան էլ համոզված չեմ, որ, եթե նույնիսկ այն տեխնիկապես արվի, որքանո՞վ կլինեն այդ տվյալները պաշտպանված, որովհետև երկիրն այդքան տվյալների օնլայն ռեժիմով հավաքագրման, պաշարման ու անալիզի փորձ չունի, ու այստեղ պետք է շատ զգուշավոր լինել, որպեսզի արտահոսք չլինի»,- ասաց փորձագետը:

Ինչպես Սամվել Մարտիրոսյանն ասաց՝ անհանգստանալու և մտահոգվելու հարցեր կան, իհարկե, բայց անհանգստություններն էլ պետք է լինեն համաչափ:

«Հասկանալի է, որ հիմա դրոշով կանգնել հրապարակի մեջտեղը և պահանջել, որպեզի բոլոր ազատությունները տան, որովհետև ես ազատ քաղաքացի եմ, չի լինի, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակը ծանր է: Բայց պետք է այնպես անենք, որ չլինեն իրավունքների անհամաչափ խախտումներ, որպեսզի այդ ամենը վերահսկվի և հետագայում անմիջապես վերացվի»,- հավելեց Ս. Մարտիրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել