168.am-ը գրում է․

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին՝ նշեց, որ հարցն ունի երեք շերտ՝ արդյունավետության, վստահության և ժամանակային:

«Այստեղ բազմաթիվ հարցեր բարձրաձայնեցին, որոնց մեծ մասը, կարծում եմ՝ լեգիտիմ էր, անդրադառնամ դրանցից մի քանիսին: Նախ՝ խոսվում է զանգերը ֆիքսելու արդյունավետության մասին և հարց է բարձրացվում, որ, եթե լոկացիան երևում է, որն է դրա իմաստը: Ես այսպես եմ պատկերացնում, ենթադրենք՝ ես ապրում եմ 10 հարկանի բազմաբնակարանային շենքում, որ առաջին հարկում կա նաև սուպերմարկետ, և լոկացիան հնարավոր է ֆիքսել մոտավորապես 150 մետր ճշտությամբ: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա երբ ես հիվանդանամ, և փորձեն ստուգել այն բոլոր անձանց լոկացիաները, որոնք այդ օրերին եղել են իմ լոկացիային մոտ, շատ մեծ թիվ կստացվի, և դա ուսումնասիրել հնարավոր չի լինի, կարծում եմ՝ հենց սրա համար են մտցրել զանգերի ֆիքսումը»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Նա, միևնույն ժամանակ, նկատեց, որ սա ամբողջովին չի լուծում եղած խնդիրը, քանի որ կա վայբեր և զանգահարելու այլ առցանց  միջոցներ:

«Մենք գործ ունենք համաճարակի հետ, և պարզ է, որ չկա 100 տոկոսանոց միջոցառում: Ինչ վերաբերում է վստահությանը, ապա նման իրավիճակներում չի կարող լինել լիակատար վերահսկում: Կարծում եմ՝ համաճարակների կանխարգելումը կամ իզոլյացումը մի գործընթաց է, որի թիվ մեկ գործողությունը պետք է լինի վարակվածներին հայտնաբերելը և նրանց հետ շփված անձանց մեկուսացնելը, և սա կիրառելի է, թե՛ մեկ վարակվածի, թե՛ 10  հազար վարակվածի դեպքում: Կարծում եմ՝ այս նախագիծը բացարձակ ուշացած չէ»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը:

Նա նաև ընդգծեց, որ ինքը նույնպես խնդիր է տեսնում ապաանձնավորման և հիպոթետիկ վերաանձնավորման հետ, և անհրաժեշտ է, որպեսզի Արդարադատության նախարարը և Կառավարության ներկայացուցիչները հստակ բացատրեն, թե այս ամենը կարո՞ղ է տեղի ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել