168.am-ը գրում է․

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին, նշեց, որ պայմանավորված արտակարգ իրավիճակով՝ հասկանալի են նախագծի կիրառման նպատակները, սակայն կիրառվող միջոցները խնդրահարույց են և շատ հարցեր առաջացնող:

«Առաջին խնդրահարույց կետը՝ ինչո՞ւ է պետք պահպանել քաղաքացիների հեռախոսազանգերը, թե ով ում հետ է խոսել, եթե մենք պարզապես ցանկանում ենք պարզել անձի ֆիզիկական շփման շրջանակը, դրա համար ընդամենը պետք է նրա դիրքը և այդ դիրքը համեմատել այլ անձանց դիրքերի հետ: Զանգել դեռևս չի նշանակում՝ ֆիզիկական շփում, կամ շփում դեռ չի նշանակում, որ որևէ մեկը զանգել է ինչ-որ մեկին»,- իր խոսքում նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե բոլոր տվյալները պետք է պահպանվեն ապաանձնավորված, և երբ մարդու տվյալները պահվում են, դրանք միշտ էլ կարելի է վերականգնել, թե ովքեր են եղել տվյալ անձինք:

«Չկա նաև որևէ սահմանափակում, թե կոնկրետ այն հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով, ինչ տեղեկատվական և տեխնիկական մեթոդներ պետք է կիրառի: Մենք գործ ունենք շատ լուրջ մարդկանց տվյալների տոտալ վերահսկողության գործիքների հետ, բայց չունենք որևէ վերհսկողության մեխանիզմներ, թե մարդիկ, որոնք պահելու են այս տվյալները, ինչ ստանդարտների պետք է համապատասխանեն: Նախագիծը շատ մտահոգիչ է, պետք է աշխատենք այս ամենը շտկելու ուղղությամբ»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել