Մարդ արարածն ինքն իրեն համարում է բնության կենտրոնը, սակայն իրականում կան կենդանիներ, որոնք ունակ են մեզ զարմացնելու իրենց ունակություններով: Ահա թե որոնք են մոլորակի ամենախելացի կենդանիները:

Ութոտնուկներ

Դժվար է հավատալը, որ այս անողնաշարավոր կենդանիներն առանձնանում են իրենց խելքով: Ամենը, որ շատերը նրանց մասին գիտեն, այն է, որ նրանք թանաք են արձակում թշնամուց պաշտպանվելու համար: Սակայն ութոտնուկները հրաշալի հիշողություն ունեն, ինչը նրանց հնարավորություն է տալիս շատ բան սովորելու:

Փորձ է կատարվել, որի ընթացքում ութոտնուկների սիրած ուտելիքներից մեկը տեղադրել են կափարիչ չունեցող ապակե արկղում: Եթե նրան հաջողվում էր գտնել արկղի մուտքը, ապա հաջրդ անգամ նա դա ավելի արագ էր անում, քանի որ յուրացրած էր լինում նախորդ փորձը: Ութոտնուկներին հնարավոր է վարժեցնել և ենթարկել հիպնոսի:

Աղավնիներ

Աղավնիները հիմնականում հանդիպում են մեծ քաղաքներում: Չնայած այն բանին, որ նրանց գլխուղեղը փոքր չափեր ունի, նրանք ունակ են սովորելու: Հին ժամանակներում աղավնիներին օգտագործում էին որպես փոստատարներ, քանի որ նրանք շատ լավ հիշում էին ճանապարները:

Ճապոնացի գիտնականներն անցկացրել են փորձեր, որոնք ցույց են տվել, որ աղավնիները կարողանում են իրենց ճանաչել հայելիների մեջ, անգամ հիշել սեփական շարժումները, որոնք կատարել են վայրկյաններ առաջ: Նրանք նաև ունակ են մտապահելու և հետագայում ճանաչելու առավել քան 100 պատկեր:

Խոզեր

Մենք խոզերին համարում են կեղտոտ ու ալարկոտ կենդանիներ, սակայն գիտնականներն ապացուցել են, որ նրանց ուղեղները երեք տարեկան երեխայի ուղեղի զարգացվածության մակարդակ ունեն:

Որոշ գիտնականներ վստահեցնում են, որ խոզերն իրենց ունակություններով ու խելքով չեն զիջում շներին ու կատուներին: Խոճկորին հաջողվել է սովորեցնել համակարգչային խաղեր խաղալ և ջոյսթիքի օգնությամբ մկնիկի կուրսորը տեղաշարժել էկրանի վրա: Սա չեն կարողանում անել անգամ շները:

Փղեր

Այս կենդանու ուղեղը կարող է կշռել մինչև 5 կգ, սակայն դա նրանց՝ խելացի լինելու միակ ապացույցը չէ: Փղերն առանձնանում են իրենց էմոցիոնալ ինտելեկտի զարգացվածությամբ: Նրանք ունակ են մեծ քանակությամբ էմոցիաներ արտահայտելու և ունենալու: Հայտնի է, որ փղերի խմբի մեկ անդամի մահվան դեպքում մյուս անդամները մնում են նրա կողքին և սգում մի քանի օր շարունակ:

Օրանգուտաններ

Բարձրագույն պրիմատների այս տեսակի ներկայացուցիչներն առանձնանում են իրենց սերտ սոցիալական կապերով: Մայրերը երեխաներին դաստիարակում են տարիներ շարունակ: Օրանգուտաններն իրենք իրենց ճանաչում են հայելու մեջ և տարատեսակ առարկաներ են օգտագործում սնունդ հայթայթելու համար:

Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ օրանգուտանները որպես նիզակներ օգտագործել են փայտեր: Նրանք ունակ են յուրօրինակ նախադասություններ կազմելու և հաղորդակցվելու մարդկանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել