Երգահան Իգոր Կրուտոյը Московский комсомолец թերթին պատմել է այն հաղորդագրության մասին, որը ստացել է ՌԴ հայտնի երգիչ Լև Լեշչենկոյի կնոջից երգչի՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
«Լյովային ինձ մոտ՝ պալատ են բերել, վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, մենք միասին ենք»,- գրել է Իրինա Լեշչենկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Լեշչենկոյի բժշկի խոսքով՝ վերջինս դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտգենոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ 78-ամյա արտիստը վարակված է կորոնավիրուսով։
Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։