«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել, որով նրանցից պահանջել են կոնկրետ գումար փոխանցել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և հաղորդում տվել հանցագործության մասին: Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական էլ.փոստին ոմն Ալի Մուսսան նամակ է ուղարկել: Իսկ ի՞նչ է գրված եղել նամակում:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունից, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, և եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 միլիոն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, իսկ այնուհետև կսկսվի որս նրանց երեխաների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Ազգային անվտանգության ծառայությունից, որտեղից ի պատասխան՝ միայն հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե նախաքննությունը շարունակելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել