Hraparak.am-ը գրում է․

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր այցելել էր մեկուսացված զինվորներին, «լայվ» մտել և ցուցադրել նրանց դեմքերը, զրուցել նրանց հետ: ՊՆ խոսնակի այս քայլը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, թե ինչո՞ւ է նա հրապարակել մեկուսացված զինվորների դեմքերը, այն դեպքում, երբ կառավարությունը փորձում է մաքսիմալ զերծ մնալ վարակված կամ կասկածվող անձանց իդենտիֆիկացնելու քայլերից:

Hraparak.am-ի հետ զրույցում Շուշան Ստեփանյանը նախ ասաց, թե զինվորները դիմակով էին, թեպետ՝ դիմակը չէր խանգարում ճանաչել նրանց դեմքերը, ապա ավելացրեց, որ ինքն ունեցել է նրանց համաձայնությունը:

«Ես ուզել եմ այցելել մեկուսացված զինծառայողներին՝ մեկուսացված, ճշտեմ՝ ինչպես է նրանց ինքնազգացողությունը, բարոյահոգեբանական վիճակը, և նախապես համաձայնեցրել եմ դա՝ ըստ վերադասության, դիմել եմ համապատասխան բժիշկներին, որոնք վերահսկողություն են իրականացնում, խնդրել եմ ապահովել իմ մուտքը, եթե հնարավոր է և համաձայնեցնել զինծառայողների հետ՝ արդյոք իրենք ցանկություն ունեն, թե ոչ, որից հետո նոր ես շփվել եմ զինծառայողների հետ»,-ասաց նա:

Շուշան Ստեփանյանն ասաց, որ ինքն այցելել է կոնտակտավոր զինծառայողների հետ, ոչ թե հաստատված վարակակիրների: Նա, սակայն, չասաց, թե որտեղ են մեկուսացված այդ զինվորները:

Նշենք, որ այս պահի դրությամբ զինծառայողների շրջանում կա 5 հաստատված դեպք, որոնցից երեքի մասին երեկ նախարար Դավիթ Տոնոյանն էր հայտարարել, երկուսի մասին էլ այսօր հայտարարվեց: Մեր հարցին՝ այդ վարակված զինծառայողները սահմանայի՞ն զորամասերի զինվորներ են, թե՞ քաղաքի ներսի, ՊՆ խոսնակն ասաց. «Զորամասը չեմ կարող ասել, բայց ընդգծեմ, որ հինգ զինծառայողներն էլ նույն զորամասից են, և բոլորն էլ առնչվել են այդ առաջին հիվանդի հետ, բայց սահմանային զորամասից չեն, ընդգրկված չեն որևէ մարտական հենակետում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել