«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություններ անել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում եւ ամրագրել վարկային արձակուրդի հնարավորություն։ Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է այսպիսի փոփոխություն կատարել. «Եթե արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների եւ խստացումների, ինչի հետեւանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց եւ եկամուտներից, օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ»:

Որպես հիմնավորում՝ նա նշել է, որ Հայաստանում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այս դեպքում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ՝ փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ, չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը եւ բարի կամքի դրսեւորմանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել