Tert.am-ը գրում է.

Արտակարգ դրություն մտցնելու, սահմանափակումները խստացնելու որոշումների ուշացման պատճառն այն է, որ իշխանություններն իրավիճակին անհամարժեք են։ Իրավիճակի լրջությունը գնահատում են միայն պոստ ֆակտում, երբ որ փաստն առկա է, չեն կանխատեսում ոչինչ։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։ «Սա եղել է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, և՛ հաջորդող ժամանակներում՝ մինչ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նրանց թվում է՝ իրենք ամեն ինչ տեսնում են, գնահատում են, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ, ինչպես նախորդները, ինքնասիրահարվածության հիվանդություն ունեն. հնարավոր չէ, որ կողքից որևէ մեկն ավելին տեսնի, քան իրենք, որևէ մեկն ավելին իմանա, քան իրենք»,- նշեց նա։

Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման գանձապետական հաշիվ են բացել, բայց հաշվետու չեն ժողովրդին․ «Որևէ մեկը գիտի՞, թե այդ ֆոնդի գումարները որտեղ են ծախսվում, որքա՞ն գումար է հավաքվել։ Թե որ արտակարգ դրություն է, շեֆերը պետք է օգտագործեն այս վիճակ։ Պարետը պետք է ավելի շատ զեկուցի արած գործերի մասին, մեկ առ մեկ, «քյաբաբ առ քյաբաբ», ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում»։

- Պարոն Բաղդասարյան, քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող որոշում կայացվեց, որն ուժի մեջ է մտել կեսգիշերից, բայց եկեք տեսնենք սրան նախորդած գործողությունները, իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։ Նախ հայտարարվում էր, որ արտակարգ դրության կարիք չկա, հետո այնուամենայնիվ այն մտցվեց, իսկ հստակ սահմանափակումներ կիրառվեցին արտակարգ դրության որոշումից միայն 8 օր անց։ Հիշենք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «կորոնավիրուսներին պինցետով հատիկ-հատիկ հանելու ենք» և այլն։ Ինչո՞ւ են իշխանություններն իրենց գործողություններում հապաղում, նման հայտարարություններ անում և որոշ ժամանակ անց խստացումներ կիրառում:

- Խնդիրն իրավիճակին անհամարժեք լինելն է։ Իրավիճակի լրջությունը գնահատում են միայն պոստ ֆակտում, երբ որ փաստն առկա է՝ չկանխատեսելով ոչինչ։ Շահում են կամ գոնե քիչ են տուժում այն պետությունները, որոնց իշխանությունները կանխատեսում են իրերի ընթացքը և նախապես քայլերն անում։ Ձեր հարցում արդեն նշեցիք այն ամենը, ինչով զբաղված էին իշխանությունները մինչև միջազգային մասշտաբով խնդրի սրվելը, նրանց կողմից քայլերի ձեռնարկումը, որը պոստ ֆակտում հուշում է, որ այսպես արդեն վտանգավոր է։ Բայց նորից քայլերը կիսատ-պռատ են։

- Ձեր նշած խնդիրները՝ իրավիճակին անհամարժեք լինելը, լրջության ուշ գնահատումը ինչի՞ հետևանքով է՝ փորձի պակա՞սն է, թե՞ այլ խնդիր եք տեսնում իշխանությունների մոտ։

- Ընդհանրապես, հնարավոր է, որ իշխանությունը, խրված լինելով իր առօրյա գործողությունների մեջ, ադեկվատ չկարողանա գնահատել իրավիճակը։ Իրավիճակն ադեկվատ գնահատում են սովորաբար, այսպես ասած, ավելի վերևից նայողները։ Այսինքն, այդ առօրյա իշխանական գործունեությունից դուրս գտնվող մարդիկ կարող են գնահատել։

Ընդհանրապես, ավտորիտար ռեժիմների հետևանք է սա, որը եղել է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, և՛ հաջորդող ժամանակներում՝ մինչ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նրանց թվում է՝ իրենք ամեն ինչ տեսնում են, գնահատում են, ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, բայց իրականում կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Նիկոլի Փաշինյանի իշխանությունն էլ, ինչպես նախորդները, ինքնասիրահարվածության հիվանդություն ունի։ Հնարավոր չէ, որ կողքից որևէ մեկն ավելին տեսնի, քան իրենք, որևէ մեկն ավելին իմանա, քան իրենք։ Միտքը, առաջարկությունները, լուծումները կոնսոլիդացնելու փոխարեն իրենք այդպես կիսատ-պռատ, պոստ ֆակտում հայտարարություններով են զբաղված։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել