Armenpress.am-ը գրում է․

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց ընդունելու գործում հնարավոր է ներգրավվեն նաև մարզային հիվանդանոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանի հարցին:

«Երևան քաղաքում այս պահին առանձնացված է չորս մասնագիտացված բժշկական կենտրոն՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաճյուղը: Կարող է այս խնդրի համար մարզային բժշկական հաստատություններ էլ առանձնացվեն: Այս պահին Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում գտնվում են պացիենտներ, որոնք ախտանշաններ չունեն կամ շատ թեթև ախտանշաններ ունեն»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ եթե իրավիճակը վատթարանա, կորոնավիրուսով վարակվածների համար մահճակալները կծավալվեն արդեն ոչ բժշկական հաստատություններում:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265:  Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել