Hraparak.am-ը գրում է․

«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն այս օրերին ահազանգում են մեզ, որ ընկերության ղեկավարությունից իրենց ստիպում են ոչ թե մնալ տանը, այլ գալ աշխատանքի։ Իսկ երեք անգամ աշխատանքից անհարգելի բացակայողներին էլ սպառնում են աշխատանքից ազատմամբ։ Հատկապես դժգոհում են տեսուչները, որոնք պետք է շրջեն բնակարաններով և արձանագրեն գազի հաշվիչները ցուցմունքները։ Ասում են՝ մարդկանց հետ են շփվելու, մինչդեռ երկրում արտակարգ դրություն է մտցված և հնարավորինս սահմանափակված են միջանձնային շփումները։

«Գազպրոմ Արմենիայից» մեզ ասացին, որ իրենք չեն կարող չաշխատել, քանի որ սպասարկում են բնակիչներին, որոնք կարող են վթար ունենալ, գազի հետ խնդիրներ ունենալ, և ընկերությունը չի կարող պարզապես չաշխատել ու չսպասարկել իր բաժանորդներին։ Իսկ ինչ վերաբերում է տեսուչներին, ասացին, որ տեսուչները բնակիչների հետ շփում չեն ունենում, նրանք բնակարաններ մուտք չեն գործում, այլ ընդամենը արձանագրում են բնակարաններից դուրս տեղադրված հաշվիչների ցուցմունքներն ու հեռանում։ Ապա տրամադրեցին հետևյալ շատ ընդհանրական պարզաբանումը, որով հղում են անում պարետի որոշմանը, որը պետք է վերծանել, որ հասկանաս՝ ինչ են ուզում ասել։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մշակվել և գործում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պլան` ապահովելով բոլոր միջոցառումները, որ բխում են Հայաստանի Հանրապետությունում հայտարարված  արտակարգ դրության պայմաններում  ընդունված որոշումների պահանջներից: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր գործառույթները իրականացնում է սահմանված կարգով»,-ասված է ընկերության լրատվական ծառայության ուղարկած պատասխանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել