Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող, բայց հիմա սարսափահար կորոնավիրուսի տարածման վտանգի մասին տեքստ կարդացող վարչապետին։ Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի վարչապետի «կորոնավիրուսը ո՞ւմ շունն է» և կորոնավիրուսի հարցերը պինցետով օղու և սխտորի միջոցով լուծող խրոխտ հայտարարությունները։

Նողկալի է լսել տնտեսական հեղափոխության մասին ժողովրդին սին խոստումներ տվող վարչապետին, ով, հղում անելով ԱՄՀ-ին, հայտարարեց, որ 2008 թ․-ի տնտեսական ճգնաժամից ավելի մեծ տնտեսական ճգնաժամ է սպասվում։ Բայց նաև չգիտես ինչ հաշվարկների հիման վրա, որոնք, ենթադրաբար, հայտնի են միայն նրան և նրա երկրպագուներին, բարձրաձայնեց, որ 5 տարվա մեջ 30 միլիարդ դոլարի «օգուտ» ենք ստանալու այս իրավիճակից։
Զարմանալի էր նաև Փաշինյանից իմանալ, որ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ խնդիր ունեն պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման առումով։ Պարոն Փաշինյանը օրինակներ չբերեց։ Չբերեց, որովհետև չկա այդպիսի բան։

Իսկ եթե նկատի ունի, որ, օրինակ, ԱՄՆ-ում մի պահ զուգարանի թղթի խնդիր կար, ապա այստեղ պարոն Փաշինյանին հիշեցնեմ, թե ինչ ահռելի գայթակղիչ ֆինանսական օգնություն է ամերիկյան վարչակազմը պատրաստվում տրամադրել իր հարազատ տնտեսվարողներին։

Հ.Գ. Իսկ վերջում մի հետաքրքիր փաստ. պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց Հայաստանից մեկ շաբաթ առաջ, վարակվածների թիվը 70-ն է, իսկ Հայաստանում՝ 249։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել