168.am-ը գրում է․

Չինաստանի Հուբեյ նահանգի Իչան քաղաքում մարդիկ ուղիղ 3 շաբաթ եղել են մեկուսացված, չէին կարող դուրս գալ տնից՝  նույնիսկ սննդամթերք գնելու համար։ Փոխարենը կարող էին պատվիրել սննդամթերք, որի առաքումը տևում էր 2-3 օր։ Մեկուսացման ռեժիմից առաջ և հիմա այնտեղ հայտարարված է կարանտին, ինչը ենթադրում է, որ շաբաթը 2-3 անգամ կարող են տնից դուրս գալ, զբոսնել կամ առևտուր անել։

Այս ամբողջ ընթացքում Իչանում գտնվող ռումինուհի Կրիստինա Ռադուն 168am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Չինաստանում տիրող իրավիճակի, կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի, դրանից պաշտպանվելու միջոցների, սննդակարգի և այլնի մասին։

«Ես Հոնկոնգում էի, երբ վիրուսը տարածվեց, և արագ վերադարձա Իչան, որովհետև մտավախություն ունեի, որ քաղաքի սահմանները կփակեն։ Ես վերադարձա և հաջորդ օրը հայտարարեցին, որ բոլոր սահմանները փակ են, և մենք չենք կարող Իչանից դուրս գալ կամ մուտք գործել քաղաք։ Եվ մինչև հիմա այդպես է։ Դա հունվարի 21-ն էր։ Հունվարի 21-ից 3 շաբաթ եղել ենք կարանտինում, շաբաթը 2-3 անգամ էինք տնից դուրս գալիս, իսկ  դրանից հետո հայտարարեցին մեկուսացման մասին․ մենք 1 ամիս եղել ենք մեկուսացման մեջ, տնից դուրս գալու իրավունք չունեինք։ 1 շաբաթ առաջ հանեցին մեկուսացումը»,- ասաց նա՝ ընդգծելով՝ սկզբից իրեն շատ վատ էր զգում՝ մեն-մենակ, բոլորից մեկուսացած՝ օտար երկրում։

«Ստացվեց, որ 2 ամիս ապրեցի մեն-մենակ, ոչ մեկի հետ չեմ շփվում, շատ ծանր էր։ Նույնիսկ հաց չէի ուտում, իսկ քանի որ տնից այդքան երկար ժամանակ դուրս չէի եկել և արև չէի տեսել, հիմա առողջական խնդիրներ են առաջացել մոտս, և գտնվում եմ բժշկի վերահսկողության տակ։  Կարանտինի շրջանում կարող էինք խանութ գնալ, գնումներ կատարել, իսկ երբ հայտարարվեց մեկուսացում, մենք չէինք կարող տնից դուրս գալ։  2-3 օրը մեկ սնունդ էինք պատվիրում, որովհետև այսօր պատվիրենք, 2-3 օրից նոր կբերեն սնունդը։ Բայց պատվերը բացառապես սեթերով էր, այսինքն՝ չէինք կարող, օրինակ, պատվիրել 2 վարունգ, 3 լոլիկ, մենք պատվիրում էինք բանջարեղենային սեթ։ Մի սեթը մոտավորապես 5 կգ էր, այնտեղ տարբեր բանջարեղեններ կային, որոնք ես չէի ուտում, բայց ստիպված էի պատվիրել։ Այդ առումով շատ բարդ էր, որովհետև վճարում ես մի բանի համար, որը թափելու ես։ Բանջարեղենային սեթում բացառապես կանաչ բանջարեղեն էր, և այդտեղից հետևություն՝ նշանակություն ունի նաև, թե ինչ ես ուտում։ Մեզ արգելել էին ուտել կաթնամթերք, ձու, ձուկ և միս, կարող էինք ուտել միայն միրգ և բանջարեղեն»,- ասաց Կրիստինան։

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեր զրուցակիցը, առաջին հերթին, խորհուրդ է տալիս ինքնամեկուսանալ, անգամ, եթե ցուցում չկա․

«Մարդկանց հետ շփումը հասցնել մինիմալի, նստել տանը։ Ձեռքերը լվանալ հաճախ և հետևողականորեն։ Եթե ստիպված եք տնից դուրս գալ, ապա անպայման ակնոց դրեք, որովհետև վիրուսը կարող է աչքի միջոցով էլ փոխանցվել։ Թեպետ ասում են, որ վիրուսները բաց օդում ոչնչանում են, և վիրուսով կարելի է վարակվել, եթե մարդը փռշտում կամ հազում է քեզ շատ մոտ, բայց դա կորոնավիրուսի մասին չէ։ Այստեղ հայտնաբերել են, որ կորոնավիրուսը օդում 7 ժամ մնում է, այսինքն՝ եթե հիվանդ մարդը այդտեղով անցնելիս փռշտացել է կամ հազացել, և դրանից 3 ժամ հետո դու անցնում ես այդ նույն տեղով, դու կարող ես վարակվել, որովհետև վիրուսը դեռ օդում է։ Դրա համար անպայման պետք է դիմակ կրել։ Սա սովորական վիրուս չէ»։

Ինչ վերաբերում է հոգեբանական կողմին, նա ընդգծեց՝ պետք է շատ համբերատար լինել, հիշել, որ այս ամենն ընդմիշտ չէ․ «Այս ընթացքում Ինստագրամում պարբերաբար գրում էի, խորուրդներ էի տալիս մարդկանց, թե ինչ անել, բայց այն կոտրեցին, հիմա նորն եմ բացել: Առհասարակ, փորձեք զբաղվել մի բանով, որը ձեզ կշեղի վիրուսի թեմայից։ Խուճապի մի մատնվեք, բայց մի էլ անտեսեք վիրուսի առկայությունը, այն իսկապես կա։ Վերլուծելով վերջին ամիսները, կարող եմ ասել, թե ինչպես ընկալեցի իրավիճակը։

Սկզբից դիմադրում էի, չէի հասկանում՝ ինչի համար են կարանտին հայտարարել, ուզում էի աշխատել։ Հետո սկսեցի հաշտվել այդ մտքի հետ՝ լավ, կարանտին, ուրեմն՝ կարանտին, կարևորը՝ չհիվանդանամ։

Հետո մոտս ընդվզում առաջացավ, հոգնել էի 4 պատի մեջ միայնակ նստելուց, ուզում էի փողոց դուրս գալ, զբոսնել։ Դրան հաջորդեց վախը, երբ փողոցներում մարդ չկար, քաղաքը դատարկ էր, ոչինչ չէր աշխատում, թվում էր, թե բոլորը հիվանդ են, և ինձ համար սարսափելի էր՝ պատուհանից դուրս նայել։ Այդ ամենին հաջորդեց անզորության զգացումը, երբ միայն մտածում էի, թե երբ է ավարտվելու այս ամենը։ Ապա՝ ապատիան, ասում էի՝ ինձ համար ամեն ինչ միևնույն է, ես ուզում եմ պառկել և ոչինչ չանել։ Բայց վերջում մոտս էյֆորիա էր, գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նորից եմ կրկնում՝ կարևորը՝ խուճապի չմատնվել, պահպանել հիգիենայի կանոնները, և հասկանալ, որ սա գրիպի մի տեսակ է, իսկ գրիպը միշտ է եղել, ուղղակի կորոնավիրուսն ավելի վտանգավոր է և շատ արագ է տարածվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել