Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսի, ինչպես և ցանկացած այլ անմիջական սպառնալիքի մասին պատկերացումը գալիս է միայն, երբ անձնապես շփվում ես դրա հետ, ունենում վարակակիր ծանոթներ, մինչ այդ կա ապահովության զգացում, և դա է պատճառը, որ մեր շատ հայրենակիցներ այսօր սոցիալապես անպատասխանատու են և չեն ինքնամեկուսանում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

«Մարդիկ սովոր են, որ իրենց փոխարեն մտածեն: Սպիտակի երկրաշարժից հետո աղետյալները պնդում էին, որ պետությունն իրենց փոխարեն պետք է տուն կառուցի, ոչ թե իրենք անձամբ պետք է կառուցեն իրենց տունը: Ինքնուրույնությունը և՛ քայլերում, և՛ մտածելակերպում պակաս է»:

Ըստ Աղուզումցյանի՝ այսօր առկա է հոգեբանական պատերազմ, և եթե բժշկական պատերազմը հաղթահարելի է, մանավանդ որ այլ հիվանդություններից մահացության ցուցանիշը շատ ավելի մեծ է, ապա չիմացությունից խուճապի մատնվածների մեծ թիվ կա. «Վախը մուտացիայի հատկություն ունի, պարբերաբար փոփոխվում է դրա պատճառը: Տեղեկատվության առատությունը բերել է չիմացության, չգիտենք՝ ում հավատալ և վստահել: Տարբեր երկրների բժիշկներ ու պաշտոնյաներ տարբեր բաներ են ասում, պատասխանատուներն իրար հակասող խորհուրդներ են տալիս»:

Պրոֆեսորի կարծիքով՝ մարդկությունը պատրաստ չէր նման մեծ արագությամբ տարածվող համավարակի, և հիմնական վտանգը ոչ թե զոհերի, այլ վարակակիրների մեծ թիվն է. «Հոգեբանական պատերազմը սարսափելի է, քանի որ յուրաքանչյուրը մտածում է միայն սեփական փրկության, ոչ թե փոխօգնության մասին: Գոյատևելու և զարգանալու իմաստով մեզ համար ավելի կարևոր են բացասական հույզերը, քանի որ դրանք ստիպում են առավել զգույշ լինել: Բացասական լուրերը մեր մեջ անվտանգության գործոն են ձևավորում: Պարզապես մենք սովոր չենք ինքնուրույն լուծել մեր խնդիրները և հետևել լուրջ մասնագետների հորդորներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել