Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, և այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- ասաց Քրմոյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Ընդհանուր առմամբ ապաքինվել և դուրս է գրվել 4 քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել