168.am-ը գրում է․

Օրերս հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը:

Ավելի ուշ պարզվեց, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: Մասնավորապես, օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերը հայտարարեցին` «մեր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ, որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում»:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը շեշտեց. «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հանձնառությունը հակամարտության կողմերի հանձնառություն է, և պետք է կյանքի կոչվի ԵԱՀԿ համակարգմամբ և բոլոր երեք կողմերի՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան, անմիջական ներգրավմամբ»:

Հիշեցնենք, որ Արցախի արտաքին գերատեսչությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ափսոսանք էր հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու ամերիկյան որոշման հետ կապված` նշելով, որ մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել