Aysor.am-ը գրում է․

«Մեր հարաբերություններում ոչ մի փոփոխություն, մանավանդ՝ բացասական, չի լինի, բայց ռուսական փորձագիտական հանրության շրջանում մեծանում է զգուշավորությունը՝ Հայաստանի ղեկավարության նկատմամբ»,­ - «Голос Армении» թերթին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

- Ռուսաստանի կառավարությունում փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպես հայտնի է, վարչապետ է դարձել Միխայիլ Միշուստինը, փոխվել  են փոխվարչապետերը: Մինչդեռ ուժային կառույցները, ֆինանսական, տնտեսական ոլորտները, տրանսպորտի ոլորտը, ԱԳ նախարարությունը ցնցումների չեն ենթարկվել՝ ղեկավարների փոփոխության տեսանկյունից: Սպասելի՞  էին արդյոք ավելի խորը ձևափոխումներ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարած փոփոխությունների հեռանկարում: Ի՞նչ գնահատական կտաք կառավարության նոր կազմին:

- Կառավարության կազմի կեսը  գործնականում փոխվել է, բայց ընդհանուր քաղաքական կուրսը կմնա նույնը, դրանում կասկած չկա: Ենթադրվում է, որ հիմնականում կուժեղացվի սոցիալական ոլորտը՝ ընտանիքների և Ռուսաստանի քաղաքացիների կենսամակարդակի բարելավման առումով, քանի որ նախագահական, ուժային կառույցները մնացել են նույնը՝ ներառյալ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:  Եվ ընդհանրապես, այս նորությունն ավելի շատ ՌԴ ներքին կյանքին է վերաբերում, այնպես որ Հայաստանն այստեղ անհանգստանալու բան չունի, մեր երկկողմ հարաբերությունները կմնան նախկին մակարդակին: Ռուս փորձագետները տարիներ շարունակ մատնացույց էին անում Արևմուտքի առաջատար երկրների, ներառյալ՝ ԱՄՆ­-ի օրինակը, որտեղ հուսալի գործում է հենց պետության համակարգը, այդ պատճառով էլ բարձրաստիճան պաշտոնյաների ազգանունները ոչ մի դեր չեն խաղում: Այսպիսով՝  ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ազգանուններն էլ  նույն կերպ չպետք է աժիոտաժի հասնող հետաքրքրություն արթնացնեն: Պաշտոնյաները պետք է արդյունք ցույց տան ու հենց հիմա սկսեն պայքարել աղքատության դեմ, ինչի մասին ասվել է Վլադիմիր Պուտինի ուղերձում: Բացի այդ, սա ՌԴ առաջին կառավարությունը չէ՝ ԽՍՀՄ­ի փլուզումից հետո, այդ պատճառով չափանիշը մեկն է՝ ցույց տալ, թե ինչի է այն ունակ: Խոսքերն այստեղ արդեն ավելորդ են:

- Նոր վարչապետին՝ Միշուստինին, անվանում են «ֆինանսական տեխնոկրատ»: Այս գնահատականը դրակա՞ն, թե՞ բացասական է՝ Ռուսաստանի առջև ծառացած մարտահրավերների ու դրանց լուծման ուղիների փնտրտուքի համատեքստում: Այդ մարտահրավերներից որո՞նք են, Ձեր կարծիքով, ամենաարդիականներն այսօր:

Այդ գնահատականը իրականության արձանագրումն է: Պետք չէ, որ վարչապետը մեծ քաղաքականությամբ զբաղվի, նրա ուղիղ խնդիրը երկրի տնտեսական զարգացումն է: Մեծ քաղաքականությամբ զբաղվում է երկրի նախագահը: Բայց կառավարության նոր ղեկավարը չի էլ հավակնում դրան: Մյուս կողմից, «տեխնոկրատ» տերմինը մի փոքր վախեցնում է, քանի որ այդպիսի ոչ պաշտոնական բնութագրմամբ վարչապետեր մենք արդեն ունեցել ենք, և նրանց գործունեության արդյունքը, մեղմ ասած, ամենաբարեհաջողներից չի եղել: 


Տեխնոկրատ» տերմինը ինչ-­որ առումով հոգի չունեցողի, մարդկանցից կտրվածի տպավորություն է թողնում, այդ պատճառով ես անձամբ պատրաստ չեմ հիանալ այդ ձևաչափով: Ի դեպ, Միխայիլ Միշուստինին նայելով՝ չես ասի, որ նա հենց այդ տեսակի տեխնոկրատ է: Նրա մեջ ավելի շատ «կենդանի էներգիա» կա, քան ավելի վաղ եղած տեխնոկրատների, որոնցից երկիրը հասցրել է «կշտանալ»՝ բառիս բոլոր իմաստներով: Եվ դա նրա առավելությունն է: Եթե խոսենք առաջիկա տարիներին Ռուսաստանի գլխավոր մարտահրավերների մասին, ապա դա, անկասկած, ընդհանուր միջազգային դրությունն է: Նկատել եմ, որ շատ քչերն են, ինձանից բացի, ուշադրություն դարձրել Վլադիմիր Պուտինի այն թեզին, որը նա հնչեցրեց Դաշնային ժողովին հղած ուղերձում. դրանում  խոսվեց աշխարհում  անկառավարելի, անկանխատեսելի իրավիճակի մասին: Հենց այդ գործոնն էլ ազդելու է այն ամենի վրա, ինչը տեղի է ունենում ոչ միայն Ռուսաստանի շուրջ, այլև Ռուսաստանի ներսում, նաև նրա ամբողջ տնտեսության, ֆինանսների և այլնի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել