Մինսկում գտնվող Բոլոր սրբերի տաճար-հուշահամալիրում տեղի է ունեցել աղոթք՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի համար. քահանաներն օրհնել են ջուրը և պատարագից հետո այն ուղղաթիռից շաղ տվել Բելառուսի մայրաքաղաքի վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը:

Աղոթքը ղեկավարել է Մինսկի և Զասլավսկու մետրոպոլիտ Պավելը: Քարոզում համայն Բելառուսի քահանայապետը հորդորել է բոլորին «մտածել, թե ինչպես ենք մենք վերաբերվում տեղի ունեցող իրադարձություններին».

«Կորոնովիրուսի տարածման հետևանքով առաջացած խուճապը հյուծում է միտքը: Դա շփոթմունք է առաջացրել մարդկանց սրտերում, բայց իսկական հավատացյալների համար դա սարսափելի չէ: Ես մաղթում եմ, որ Տերն ամրապնդի մեր հավատը և օգնի հաղթահարել փորձությունը»,- ասել է մետրոպոլիտը:

Երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Բելառուսում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվն աճել է մինչև 76-ի, 15 հիվանդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից, բժիշկների հսկողության տակ շարունակում է մնալ 61 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել