168.am-ը գրում է․

Վերջին երկու օրերին քաղաքացիների մեծ մասը, չնայած երկրում հաստատված արտակարգ դրությանն ու տանը ինքնամեկուսանալու մասին կոչերին՝ կապված նոր կորոնավիրուսի հետ, զբոսնում է փողոցներում։ Շատ բժիշկներ հորդորեցին զգույշ լինել, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Աշոտ Պապիկյանն էլ նույնիսկ ֆեյսբուքյան իր էջում գրեց․

«Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս, քանի որ 24-ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Բժիշկ-վարակաբան եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս: Բայց ես ապշած եմ, թե ի՞նչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Հիմա ինչո՞ւ չեք նստում տանը։ Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ Բժիշկներն էլ են ուզում տուն գնալ։ Ու, երբ մենք տանը նստենք, արդեն ձեզ համար ուշ կլինի։ Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք…. Մտածե՛ք, մի քիչ մտածեք… ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ, ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»։

«ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ այստեղ գործ ունենք երկու ծայրահեղությունների հետ։ Մի դեպքում՝ չափազանց մեծ տագնապ ու խուճապ է առաջանում, մյուս դեպքում՝ ընդհանրապես չեն վախենում կամ մտածում են, թե՝ «ինձ ոչինչ չի լինի»։ «Եթե արտակարգ դրություն է հայտարարվել, ուրեմն վտանգ կա, այսինքն՝ պետք է պահպանել կանոնները։  Պատասխանատվության զգացում պետք է ունենալ, ինչպես նաև հաշվի առնել այն, որ, եթե քեզ համար վտանգ չկա, ապա դիմացինին կարող ես վտանգել։ Յուրաքանչյուր մարդու պատասխանատվությունն է այստեղ պետք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց հոգեբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել