168․am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը մեկ այլ դատավորի չի մակագրել:  168.am-ին փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ որոշման մասին քիչ առաջ է ծանուցվել էլեկտրոնային եղանակով:

Դատարանի նախագահն իր որոշման մեջ նշել է, որ միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝  գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում:

Սա նշանակում է, որ դատավարության մասնակիցները պետք է սպասեն դատավոր Դանիբեկյանի առողջանալուն՝ միջնորդությունը ներկայացնելու համար: Իսկ այս պահին դեռևս հայտնի չէ, թե դատավոր Դանիբեկյանը երբ կնշանակի դատական հաջորդ նիստը:

Հիշեցնենք, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանը քննությունն այլ դատավորի մակագրելու միջնորդությամբ դիմել էր  Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, նախորդ շաբաթ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը  տեղի չունենալուց հետո:

Այդ դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում էր ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով՝  դատական նիստի չկայանալու մեջ որոշակի միտումներ կան՝ կապված այդ օրը դատարանում ՀՀ  և ԱՀ նախկին վարչապետների՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորությունը ներկայացնելու հանգամանքով:

«Շատ լուրջ հարցեր են առաջանում, և մենք հաջորդ դատական նիստին պահանջելու ենք, որպեսզի դատարանն ավելի մանրամասնի իր առողջական խնդիրները, որոնք որ ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա որտեղ է բուժում ստացել, որ մենք կարողանանք հաստատ համոզվել, որ էս ամեն ինչը չի արվել զուտ էն բանի համար, որպեսզի հետագայում երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դարձնեն անհնար:  Մենք ունենք որոշ կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որպեսզի հետագայում այդ 4 երաշխավորներից մեկ-երկուսը հանրապետությունում չլինեն»,- ասել էր փաստաբան Հայկ Ալումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել