Pastinfo.am-ը գրում է․

Կառավարությունն այս պահին աշխատում է Արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ, պարետատան՝ մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը։

Հարցին ո՞րն է պատճառը, որ Կառավարությունը նման որոշում կայացրեց, նա պատասխանեց․ «Այս պահին չեմ կարող մեկնաբանություն տալ»։
Գևորգյանը տեղեկացրեց, որ Արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումը վերացնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն այսօր կավարտվեն։

Հաշվի առնելով, որ առկա սահմանափակումով պայմանավորված վերջին օրերին բզմաթիվ ԶԼՄ-ներ Կառավարության պահանջով որոշակի հրապարակումներ են հեռացրել, փորձեցինք հետաքրքրվել արդյո՞ք առկա է բղոքարկման մեխանիզմ և եթե այո, ապա որ մարմնին կարող են ԶԼՄ-ները բողոք ներկայացնել։ «Որքանով ես եմ տեղյակ բողոքարկման մեխանիզմ չկա»,-ասաց պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատուն։

Նշենք, որ Հայաստանում գործող մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ Արտակարգ դրության մասին որոշմամբ նախատեսված սահմանափակումներում բացակայում է որոշակիությունը, որի պայմաններում առկա է այն չարաշահելու եւ գրաքննության վտանգ։ Բացի այդ՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը թվիթերյան էջում արձագանքել է Հայաստանում արտակարգ իրավիճակի հետ կապված ինֆորմացիայի տարածման սահմանափակումներին ու նշել. «Հայաստանը հայտարարել է արտակարգ դրություն և մեդիային հարկադրել է մեջբերել միայն պաշտոնական աղբյուրներից: Տեղեկատվությունը վերահսկելը ոչ թե կօգնի հաղթահարել համաճարակը, այլ կտարածի բամբասանքներ և վախ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել