Արդեն շատերի կողմից սիրված և ճանաչում գտած «Աշխարհի համերով» հաղորդաշարը, որը հեռարձակվում է Արմենիա TV-ով, ամեն անգամ նորովի է զարմացնում իր հեռուստադիտողին աշխարհի հետաքրքիր անկյունների և իրենց էքստրեմալ ուտեստների հետ ծանոթացնելով:

https://www.youtube.com/watch?v=1_lBSRDHX1U&fbclid=IwAR0Dfw9qGt03RY-1crwVJVLBtvlmtgsQg6aLDZii2ZLEn7TPlU7pNM3hiYs

Blognews.am-ը զրույց ունեցավ հաղորդավար Վարդան Սարգսյանի հետ, ով այս անգամ մեկնել էր Պապուա Նոր Գվինեա՝ իր կյանքը վտանգելով, մեծ դժվարությունների միջով անցնելով ծանոթանալու և հեռուստադիտողին ներկայացնելու մարդակեր ցեղերին:

«Շատ փորձությունների և դժվարությունների միջով ենք անցել, մինչև հասել ենք մեր նշանակետին, քանի որ այնտեղ ավտոմեքենայի ճանապարհներ չկային, միակ փոխադրամիջոցը մի կետից մյուսը հասնելու համար ներքին ինքնաթիռներն էին, որոնք բավականին հին էին և վտանգավոր, սակայն ճանապարհը մոտ 15-20 րոպե խլեց: Կյանքին վտանգ սպառնող հանգամանքների մասին այդ պահին չէի մտածում, միայն մտածում էի՝ անփորձանք տեղ հասնենք, և նկարահանումը հաջողված լինի: Պարզվեց, որ այնտեղ նկարահանումներ իրականացնելն այդքան էլ հեշտ բան չէ, այդ ընթացքում նույնիսկ զբոսավարներից մեկը մեզ խաբեց, քանի որ այդ ցեղերի մոտ գնալու համար պետք է գումար վճարել հատուկ կազմակերպություններին, որպեսզի նրանք ցեղերին վարձատրեն կենդանիով, հիմնականում՝ խոզով, որ դու կարողանաս մի քանի օր ապրել նրանց հետ, նկարահանումներ իրականացնել, իսկ մեկ խոզն այնտեղ 3000 ամերիկյան դոլար արժե: 


Ստացվեց այնպես, որ մենք վճարումը կատարել էինք, իսկ կենդանին տեղ չէր հասել, և մենք մեկ գիշեր մնացել ենք առանց նկարահանման, առանց ուտելիքի և ջրի: Մյուս սարսափելի փորձություններից այն էր, որ ջունգլիների միջով պետք է մոտ մեկ ժամ ոտքով գնայինք, իսկ այնտեղ օձերը շատ էին, մութն էլ ընկնում էր: Ի վերջո առավոտյան այդ խոզին բերեցին, և մենք սկսեցինք նկարահանումները։ Դա երևի թե այս տարվա իմ ամենապայծառ լուսաբացներից էր:


Անցած տարի մենք Եթովպիայում կրկին վայրի ցեղերի էինք նկարահանում, բայց այնտեղ դու կարող էիր նկարահանումն իրականացնել և վերադառնալ հյուրանոց, քնել, իսկ այստեղ այդ հնարավորությունը չկար, մենք գիշերը ջունգլիներում ենք անցակցրել, ոչ հարմարավետ պայմաններում: Ինձ համար կարևոր էր ստեղծել հետաքրքիր եթերաշրջան: Քանի որ դժվար է զարմացնել հեռուստադիտողին, մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Ես սիրում եմ իմ աշխատանքը և այս ամենը անում եմ մեր հեռուստադիտողին գոհացնելու համար, շատերը փորձում են կրկնօրինակել, նույնիսկ իմ հովանավորներին են փորձում գտնել: Այս քայլին, վստահ եմ, ոչ ոք չէր գնա և այսքան գումարներ չէր ծախսի»: 


Այո՛, ճանապարհորդելը դարձել է ինձ համար բիզնես, ես ունեմ իմ տուրիստական ընկերությունը, և մարդիկ հնարավորություն ունեն ինձ հետ ճանապարհորդելու, բայց այս հաղորդումը բացառապես անում եմ հեռուստադիտողի համար»:

Հարցին, թե արդյոք չի՞ վախեցել, որ մարդակեր ցեղերի ներկայացուցիչները կուտեն նրան, Վարդանը պատասխանեց. «Որոշել էի, որ եթե ցանկանան ինձ ուտել, կասեմ, որ օպերատորներն ավելի համեղ են»:



Հարցազրույցը՝ Լիա Մարուխյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել