168.am-ը գրում է․

Այսօրվանից կսահմանափակվի տնտեսական գործունեությամբ զբաղվող մի շարք օբյեկտների աշխատանքը, բացառություն կկազմեն պարենային ապրանքների վաճառքով զբաղվողները, դեղատներն ու գյուղատնտեսական ապրանքների շուկաները. ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

«Սահմանափակումներ կգործեն բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների, տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների նկատմամբ, շահումով խաղերի կազմակերպման գործունեության հետ կապված, սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում: Սահմանափակումները կտարածվեն նաև անհատական այլ ծառայությունների գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների»,- ասաց Վարոս Սիմոնյանը:

Նշված սահմանափակումներից կան նաև բացառություններ, օրինակ՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների, շարժական կետերից խմիչքներ վաճառող օբյեկտների վրա:

«Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված սահմանափակումները չեն գործի ինտերնետի միջոցով կազմակերպվող շահումով խաղերի և վիճակախաղերի համար: Սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում մինչև արտակարգ իրավիճակի ավարտը, չեմ բացառում, որ դրանք վերացվեն ավելի շուտ»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Վարոս Սիմոնյանը շեշտեց նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է առանձին դիմողներին բացատրել, թե իրենց գործունեության տեսակը մտնո՞ւմ է սահմանափակումների ցանկի մեջ, թե՞ ոչ: Նախարարի տեղակալը չբացառեց, որ այս ցանկը կարող է համալրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել