Pastinfo.am-ը գրում է․

Բժշկական նշանակության մի շարք ապրանքատեսակներ ԵԱՏՄ տարածք կներմուծվեն զրոյական մաքսատուրքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Մարտի 16-ին տեսակոնֆերանսի միջոցով իրականացվեց ԵԱՏՄ խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀ կառավարության առաջարկությամբ հաստատվեց համապատասխան որոշում, համաձայն որի մի շարք ապրանքատեսակների համար, որոնք ունեն բժշկական նշանակություն ողջ ԵԱՏՄ տարածք կներմուծվեն զրոյական մաքսատուրքով: Գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, սակայն եթե անհրաժեշտություն լինի, ժամկետը կերկարեցվի: Որոշումը վերջնական ուժի մեջ կմտնի վերջնական հաստատումից, հրապարակումից 10 օր հետո, բայց կտարածվի մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործող բեռնափոխադրումների ռեժիմին Վարոս Սիմոնյանն ասաց, որ պարետի սահմանած ապրանքների ցանկն այս պահի դրությամբ սահմանափակ է, սակայն դրանք այն ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են ՀՀ տնտեսվարողներին իրենց տնտեսական գործունեությունն իրականացնելու նպատակով:

«Վրաստանի հետ բեռնափոխադրումների հետ կապված ցանկով սահմանափակումներ չկան: Այսինքն` ապրանքների ցանկ սահմանված չէ: Գործում է հատուկ կարգ, օրինակ Վրաստան ներմուծման դեպքում, եթե վարորդը գալիս է համաճարակի բարձր ռիսկային գոտուց, վարորդին չի թույլատրվում Վրաստանի տարածք մտնել»,-նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը:

Հարցին արտահանման հետ կապված արձանագրվել են դեպքեր, երբ արտահանման խմբաքանակը, մասնավորապես սննդամթերքը, չեն անցել սանիտարական հսկողություն ընդունող երկրում, Վարոս Սիմոնյանը նկատեց նման դեպք չի գրանցվել: Փոխնախարարի խոսքով ԻԻՀ-ի ցանկում այս պահի դրությամբ սննդամթերք ընդհանրապես ներառված չէ. «Իրանում բացառվում է նման բան: ԱՏՄ և այլ երկրներ արտահանում իրականացվել է, բայց դեպք չի գրանցվել, որ սննդամթերք կամ գյուղատնտեսական նշանակության այլ տեսակի արտադրանքներ վարակված լինի և արգելվի»,-ասաց Վարոս Սիմոնյանը ընդգծելով, որ նմանատիպ դեպք չի գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել