Պատճառներ չկան չհավատալու, որ աշխարհը (և մենք) չի հաղթահարելու կորոնովիրուսային էպիդեմիան: Նաև կարելի է հավատալ, որ հերթական համաշխարհային ճգնաժամից հետո աշխարհը դառնալու է ավելի ուժեղ ու խելամիտ: Հավանական է, որ քաղաքականության մեջ և ԶԼՄ-ներում ավելի շատ ի հայտ կգան ռեալիզմի, առողջ բանականության և պրոֆեսիոնալիզմի կողմնակիցները: Արդյունքում քաղաքականությունը կձերբազատվի բոլոր տիպի պրոգրեսիվ դիլետանտներից ու խելապակաս խմբավորումներից: Միջազգային վերլուծականները նշում են նաև ապագա աշխարհում պոպուլիզմի ու մանիպուլյատորների քաղաքական «անհետացման» մասին:

Կրիտիկական իրավիճակները, որպես կանոն, ոչ միայն չեզոքացնում են վտանգները, այլև թույլ են տալիս այլ կերպ վերաբերվել երևույթներին: Կորոնավիրուսն այսօր մարդկության համար, հանդես է գալիս որպես ապագայի սոցիալական ազգանշան՝ հասականալու, թե ի՞նչն է կարևոր, ի՞նչն է բալաստ, և ի՞նչն է վտանգավոր: Որպես կանոն, համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է:

Կորոնավիրուսային էպիդեմիայի ու նրա դեմ պայքարի ողջ ընթացքում ի հայտ են գալու մարդկության ուժեղ և թույլ կողմերը: Նրա ստեղծած պետական, սոցիալական և ավանդական ինստիտուտների ամրությունը և գործունակությունը: Օրինակ՝ Եվրամիությունը ապագայում պետք է կարողանա վերահաստատել իր գոյության իմաստը: Էպիդեմիայի առաջին օրերը Եվրոպայում ցույց են տալիս, որ ԵՄ-ն՝ որպես կառույց, չգործեց այնպես, ինչպես ակնկալվում էր: Բոլոր տիպի խնդիրները մնացին ազգային կառավարությունների ուսերին, և հիմա ԵՄ յուրաքանչյուր երկիր իրավիճակից փրկվում է ինքնուրույնաբար, ինչպես կարող է:

Էպիդեմիայի առաջին օրերին միջազգային մամուլն ակնկալում էր, որ ԱՄՆ-ը կստանձնի աշխարհը ստեղծված իրավիճակից դուրս բերելու առաջամարտիկի դերը, սակայն այսօր ԱՄՆ-ի հակահամաճարակային գործողությունները սահմանափակվում են միայն սեփական տիրույթում, ու դեռ պարզ չէ, թե որքանով այն արդյունավետ և օրինակելի կարող է լինել:

Մեծ յոթնյակը դեռևս ընկղմված է սեփական պրոբլեմների մեջ և դեպի մնացյալ աշխարհը ձեռք մեկնելու քաղաքական ու տնտեսական պոտենցիալ առայժմ չի ցուցաբերում: Հատկանշական է այն հանգամանքը, որ համաճարակի բարդ փուլում գտնվող Իտալիային օգնության է շտապում ոչ թե ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկը, այլ Չինաստանը և Ռուսաստանը:

Դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության բնականոն կյանքի վրա: Նշվում են տարբեր ժամկետներ, բայց որ համաճարակը հաղթահարվելու է, և մենք հայտնվելու ենք «նոր աշխարհի կառուցման» ճանապարհին, որտեղ փոփոխվելու և վերանայվելու են շատ բաներ, փաստ է: Մարդու և պետության համար անհրաժեշտություն են դառնալու գաղափարական, արժեքային, քաղաքական, տեխնոլոգիական, սոցիալական, հոգևոր-մշակութային, տնտեսական, էկոլոգիական, էներգետիկ և կոմունիկացիոն առաջնահերթությունների վերաբերյալ նոր արժևորումները:

Վերանայման են ենթարկվելու ընտանիքի կենցաղային ծախսերից սկսված մինչև կենսառեսուրսային, անվտանգային, կիբերհամակարգային, տնտեսական և գլոբալ համագործակցությանն առնչվող այլ հարցերը: Իսկ քաղաքական ամենակարևոր հատկանիշները դառնալու են որոշումների կայացման արագությունը, հիմնավորվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Մարդկության մեծամասնությունն էպիդեմիայից դուրս են գալու մարդու, բնության և հավատքի վերաբերյալ նորացված, ճշգրտված ու կշռադատված հայացքներով: Այսինքն՝ տեղեկատվական պրեսինգի և ամենօրյա վազքի մեջ գտնվող ժամանակակից սպառողական հասարակության գիտակցական մակարդակն էական փոփոխությունների է ենթարկվելու, հետևաբար, շատ բարդ է լինելու մանիպուլացնել և հեշտությամբ կառավարել մարդկանց գիտակցությունը:

Ժողովրդավարական տրանզիտներին փոխարինելու են գալու պետության ու կառավարությունների նկատմամբ սեփական քաղաքացիների պահանջատիրության նոր սոցիալական ալիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել