Կոլայի թերակղզում է գտնվում Լովոզերո գյուղը, որտեղի բնիկներին անվանում են լոպարներ: Այս տարածքում կա մի փոքրիկ կզյակ, որը կախարդական են համարում: Տեղի բնակիչները վստահեցնում են, որ այստեղ արտասովոր երևույթներ են տեղի ունենում, և անգամ այստեղ իրական ձնեմարդ է բնակվում:

Իրական միստիկա «Կախարդ» կղզում

Նախկինում այս կղզում բնակվել են շամանները, այդ իսկ պատճառով էլ կղզին անվանել են «Կախարդ»: Գերբնական կարողություններ ունեցող մարդիկ այստեղ տարատեսակ ծիսակատարություններ են անցկացրել, այդ պատճառով էլ բնակիչները մինչ օրս կարծում են, որ այս վայրն ինչ-որ կախարդական ուժ ունի:

Նրանք նաև վստահեցնում են, որ կղզում ապրում են ուրվականներ ու ձնեմարդ, որին տեսել են: Իհարկե, ոչ մի ապացույց գոյություն չունի: Բնակիչները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս միայնակ չայցելել կղզի: Բացի դրանից՝ ճանապարհը դեպի կղզի չափազանց բարդ է և կյանքի համար վտանգներ ներկայացնող: Ասում են, որ «Կախարդը» նման կերպ փորձում է պաշտպանվել օտար մարդկանցից:

Ոչինչ չի կարելի վերցնել

Լովոզերոյի ափերին բազմաթիվ փոքրիկ հրաբխային կղզյակներ կան, որտեղ հաճախ այցելում են զբոսաշրջիկները՝ հանգստանալու: «Կախարդ» կղզին հարուստ է մեծ քանակությամբ հատապտուղներով, սնկերով, իսկ հենց լճում բազմատեսակ ձկներ կան:

Այս բնակավայրի բնակիչները նշում են, որ այստեղ հնարավոր է ապրել շաբաթներով և օգտվել բնության բարիքներից: Սակայն կղզուց որևէ բան տանել չի կարելի. սա խիստ կանոն է, որը պետք չէ խախտել: Այս կանոնը բացատրվում է մի արտասովոր պատմությամբ, որը դեռևս 1770-ականներին պատմել է մի ռազմական բժիշկ: Վերջինս մասնակցել է արշավի, որի շրջանակներում կարողացել են հասնել կղզի և այնտեղ ժամանակ անցկացնել:

Թիմի անդամներին հաջողվել է լավ հանգստանալ. եղանակը հաճելի է եղել, լիճը՝ խաղաղ: Անտառում նրանք հատապտուղներ ու սնկեր են գտել, ինչպես նաև որսացել ձկներ: Երբ որոշել են վերադառնալ տուն, իրենց հետ վերցրել են ողջ հավաքածը և դրել նավակի մեջ: Այն պահին, երբ արշավախմբի անդամները սկսել են լողալ, ուժգին փոթորիկ է սկսվել, և նավը տատանվել է ալիքների վրա: Ուղեկցորդը նախազգուշացրել է, որ ավելի լավ է ամբողջ հավաքվածը հետ տանել և դնել ափին, հակառակ դեպքում նավը կխորտակվի:

Նրան լսեցին, հավաքածը հետ տարան դեպի ափ, սակայն քամին չդադարեց: Ուղեկցորդը, կարծելով, որ ոչ բոլոր ապրանքներն են հետ տարվել, արշավախմբի անդամներից մեկի գրպանում քար գտավ և նետեց այն ջուրը: Նույն պահին փոթորիկը դադարեց, եղանակը պարզվեց, և նավակին հաջողվեց հեռանալ խորհրդավոր կղզուց:

Մինչ օրս կախարդական կղզին գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադրությունը: Առավել արկածախնդիր զբոսաշրջիկները շարունակում են այցելել այստեղ և հանգստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել